Ռուսաստանում 13-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ ծաղրանքի պատճառով իրեն 7-րդ հարկից նետելուց հետո
ՌԴ Յուժնոուրալսկի դպրոցներից մեկի 7-րդ դասարանցի աշակերտուհի Ալյոնա Չումակովան իր գիրության պատճառով ծաղրանքներին չդիմանալով նետվել է բարձրահարկ շենքի 7-րդ հարկից, հայտնում է Life News-ը։ Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, սակայն բժիշկները ստիպված են եղել 12 վիրահատություն անցկացնել՝ բառացիորեն նրա կմախքը հավաքելու համար։
13-ամյա Ալյոնան որոշել է կյանքին վերջ տալ իր ընկերուհու անհաջող կատակի պատճառով։ Նա պատրաստվում էր ֆիտնեսի մարզումների գնալ, սակայն փոխել է պլանները և որոշել այցելել հիվանդ ընկերուհուն։ Աղջիկները թեյ են խմել, քննարկել տղաներին և միմյանց արտաքինը։
Ալյոնան միշտ խնդիրներ է ունեցել ավելորդ քաշի հետ կապված, սակայն գործադրած ջանքերը ոչ մի տեսանելի արդյունք չեն տվել։ Սակայն ընկերուհու խոսքերը, թե իր գիրության պատճառով նրա վրա ոչ մի տղա չի նայի, ճակատագրական են եղել։
Ալյոնան լուռ դուրս է եկել խոհանոց, SMS հաղորդագրություն գրել ծնողներին՝ «Կներեք», և նետվել պատուհանից։
«Մենք բոլորս տանն էինք, երբ ես ստացա աղջկաս հաղորդագրությունը, այնտեղ ընդամենը մեկ բառ էր՝ «Կներեք»։ Ես զանգահարեցի նրա ընկերուհուն և լսեցի հիստերիկ ձայն։ Թե ինչպես եմ այնտեղ հասել, չեմ հիշում։ Երբ հասա, Ալյոնան ընկած էր գետնին»,- պատմել է մայրը։
Այժմ աղջիկը վերականգնվում է։ Նրան դեռ 6 վիրահատություն է սպասվում։
«Նա այժմ գիտակցում է, որ այն ամենը, ինչ եղել է մինչ ողբերգությունը, մանրուքներ էին։ Այստեղ պառկելով նա տեսավ ոչ միայն իր ցավը, այլև այլ մարդկանց։ Նա հասկացավ, որ նման խնդիրների պատճառով չարժե նման արարքների դիմել»,- ասել է աղջկա մայրը։










