Բենեդիկտոս 16-րդի վերջին քարոզից առաջ Հռոմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

13:59 • 24.02.13

Իտալիայի մայրաքաղաքում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի վերջին քարոզից առաջ, որը տեղի կունենա այսօր (երևանյան ժամանակով ժամը 15.00-ին), ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, հայտնում է korrespondent.net-ը։ Սպասվում է, որ Վատիկանի (Հռոմի տարածքում գտնվող գաճաճ պետություն) Սուրբ Պետրոսի հրապարակում կհավաքվի մոտ 200.000 մարդ։ Վաղ առավոտից Հռոմ են այցելում Իտալիայի և աշխարհի տարբեր անկյուններից ուխտավորներ։

 

Անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում Վատիկանի գոտի է ուղարկվել իրավապահ մարմինների մոտ 2.000 և Քաղաքացիական պաշտպանության ծառայության 300 ներկայացուցիչ։

 

Հրապարակի հարևանությամբ գտնվող շինությունների տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել։

Փոփոխվել են քաղաքային տրանսպորտի որոշ երթուղիներ։ Վերջին անգամ նման խնդրի իտալական իշխանությունները բախվել էին 2005-ի ապրիլին, երբ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մահվան կապակցությամբ միաժամանակ կես միլիոն մարդ էր ժամանել։