Դասադուլը փակուղի տանող ճանապարհ է. ԵՊՀ ռեկտոր

17:03 • 25.02.13

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բացասաբար է վերաբերվում Երևանի տարբեր բուհերում այսօր անցկացված դասադուլին և համարում, որ այն անօրինական ակտ է, որը տանում է դեպի փակուղի։


«Դրանով ոտնահարվում է երկու տասնյակ հազար ուսանողների կրթվելու իրավունքը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը:


ԵՊՀ ռեկտորի խոսքով, ըստ իրեն հասած տեղեկությունների, այսօրվա դասադուլին, որին ուսանողները մասնակցում էին «Դասադուլ մինչև իշխանափոխություն» կոչով, մայր բուհի ուսանողներից շատ քչերն են ներկա եղել:


«Երևանի պետական համալսարանի ուսանողներից շատ քիչ թվով մարդիկ են, ինձ հասած տեղեկություններով մի քանի հոգի են մասնակցել այդ դասադուլին: Եղել է մեր տարածքում, բայց հիմնականում դրսից եկած մարդիկ են եղել»,- ասաց Արամ Սիմոնյանը՝ ավելացնելով, որ ուսանողը պետք է գա իր դասին:


«Ես հուսով եմ և համոզված եմ, որ մեր ուսանողները այնքան գիտակից են, որ, իհարկե, չեն ենթարկվի այդ կոչերին դասադուլ անելու, ուսանողը պետք է գա իր դասին, իր առջև իր կողմից դրված խնդիրը կրթություն ստանալն է, նորմալ մասնագետ դառնալն է ... դասադուլով նման հարցեր չեն լուծվում»,- ասաց նա։


Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող են ուսանողները իրենց դիրքորոշումը արտահայտել, Արամ Սիմոնյանն ասաց, որ օրենքով սահմանված ձևերով, ապա ավելացրեց.«Դասադուլը դրա մեջ չի մտնում»:


Անդրադառնալով բուհից ուսանողների հնարավոր հեռացումներին՝ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ ԵՊՀ-ից ուսանողները հեռացվում են միայն կոնկրետ բաների համար:


«Դրանք են վատ առաջադիմությունը, դասերին չմասնակցելը, որ որոշակի նորմեր կան դրա համար և խուլիգանական պահվածքը: Եթե նրանք շարունակեն դասերին չգալ և դրանք ոչ հարգելի բացակայություններ են, համապատասխան ժամաքանակի դեպքում, համապատասխան հետևությունները կարվեն»,- ասաց Արամ Սիմոնյանը` հավելելով, որ դա կապ չունի դասադուլի հետ, դա կապ ունի դասին չգալու հետ:


Խոսելով այն մասին, որ ուսանողները իրենց այսօրվա ցույցը կապել են 1988-ին տեղի ունեցած դասադուլների հետ՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ բացարձակ կապ չկա այն ժամանակվա և այսօրվա դասադուլի կոչերի հետ:


«Ազգային ազատագրական շարժումը կապ չունի այսօրվա դասադուլի կոչերի հետ»,-ասաց Արամ Սիմոնյանը: