Բուհերում սկսվել է դասապրոցեսը, բացակայություններն էլ սովորականի չափ են. ԿԳՆ

10:42 • 25.02.13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղադրել է նույն նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տրամադրած հայտարարությունը այն մասին, որ այսօր առավոտյան ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Բացակայությունների թիվը այլ ուսումնական օրերից չի տարբերվում:


«ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ»,– ասվում է հայտարարությունում:


Նշենք, որ նյութը թողարկելու պահին ԿԳՆ կայքում սույն հաղորդագրությունը տեղադրված չէր։


Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում մոտ 37% ձայն հավաքած և ընտրությունների արդյունքները վիճարկող  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 23-ին հայտարարվել էր դասադուլ բոլոր համալսարանների բոլոր ֆակուլտետներում:


«Այսօր մենք՝ երիտասարդներս ունենք ավելի կարևոր խնդիր. մեր ձեռքերում է մեր երկրի ապագան ու ժամանակն է տեր կանգնելու մեր երկրին, իրավունքներին, մեր ներկային ու ապագային: Երկուշաբթի օրվանից՝ ամսի 25-ից, սկսում ենք դասադուլը՝ մինչ հեղափոխության հաղթանակը»,– նշված էր հայտարարությունում:


Նշենք նաև, որ այսօր ժամը 11:30-ից ԵՊՀ-ի կենտրոնական շենքի առջև պետք է մեկնարկի դասադուլը: