Վիեննայում նշվել է Արցախյան շարժման 25-ամյակն ու սումգայիթյան ջարդերի տարելիցը
Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում փետրվարի 24-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին:
Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, այդ օրերին Վիեննայում ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը և Խաչիկ Հարությունյանը:
Ելույթներով հանդես են եկել Արման Կիրակոսյանը, Արտաշես Գեղամյանը, ավստրիացի գրող, թարգմանիչ, արցախյան շարժման ականատես Հերբերտ Մաուրերը, համայնքի վարչության անդամ Համբարձում Հարթունյանը, երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև ավստրիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է 1988-ի սումգայիթյան ջարդերին և գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական և փաստագրական վավերագրերի ցուցահանդես:
Երաժշտական մասի շրջանակներում հնչել են Ավստրիայի և Հայաստանի պետական օրհներգները, կատարվել են հայ երգահանների ստեղծագործությունները` դաշնամուրի և կլարինետի համար: Ցուցադրվել են հատվածներ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից:
Միջոցառման ավարտին ավստրիահայ կազմակերպությունների հարյուրի չափ ներկայացուցիչներ լռության երթով քայլել են դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ` Շտեֆանսպլաց, ուր բազմաթիվ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով, հայրենասիրական երգերի կատարմամբ բողոքի ցույց է իրականացվել և անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանվել են սումգայիթյան ջարդերին նվիրված տեղեկատվական նյութեր:










