Դևիդ Բեքհեմն իր նորամուտն է նշել «Պարի Սեն Ժերմեն»-ի կազմում

10:44 • 25.02.13

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն իր նորամուտն է նշել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Մարսել» թիմի հետ խաղում 37-ամյա կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել խաղի 76-րդ րոպեին, երբ հաշիվը եղել է 1։0՝ հօգուտ «Պարի Սեն Ժերմեն»-ի։ Նա փոխարինել է Խավյեր Պաստորին։ Իսկ հաշիվը բացել է «Մարսել»-ի պաշտպան Նիկոլյա Ն'Կուլուն՝ խաղի 11-րդ րոպեին գնդակն ուղարկելով սեփական դարպասը։

 

Խաղի 91-րդ րոպեին անգլիացին գնդակը փոխանցել է Ժերեմի Մենեզին, որից հետո փայլել է առաջատար Զլատան Իբրահիմովիչը։ Խաղն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ փարիզյան ակումբի։

 

Խաղից հետո, նա կիսվել է իր տպավորություններով:

 

«Շատ գոհ եմ, որ իմ թիմը հաղթեց,- մեջբերում է Բեքհեմի խոսքերը ՊՍԺ-ի պաշտոնական կայքը,- Մենք ավելի լավ տեսք ունեինք, քան մրցակիցը, ինչի համար էլ արդյունքն արդարացի է: Հաճելի է լինել այնպիսի յուրահատուկ թիմի մի անդամը, ինչպիսին ՊՍԺ-ն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր աջակցում էին անձամբ ինձ և մյուս ֆուտբոլիստներին»:


26 տուրերից հետո «Պարի Սեն Ժերմեն»-ն առաջատար է՝ 54 միավորով։ Երկրորդ տեղում «Լիոն»-ն է՝ 51 միավորով, «Մարսել»-ը 3-րդն է՝ 46 միավորով։

 

Հիշեցնենք, որ Բեքհեմն ակումբի հետ պայմանագիր էր կնքել հունվարի 31-ին։ Բեքհեմի ամբողջ աշխատավարձը կհատկացվի բարեգործությանը։