Դասադուլը կշարունակվի նաև վաղը. Ուսանողներին ճնշելու դեպքերն անարձագանք չեն մնա
Երևանի տարբեր բուհերի ուսանողներ անժամկետ հայտարարված դասադուլը կշարունակեն նաև վաղը՝ ժամը 11։30-ին, այս մասին ասացին այսօր առավոտյան տեղի ունեցած դասադուլի մասնակիցները՝ նշելով, որ վաղը նույնպես կհավաքվեն Երևանի պետական համալսարանի առաջ և ուսանողներին կոչ կանեն միանալ դասադուլին։
Նրանք տեղեկացրեցին, որ ուսանողների նկատմամբ հնարավոր սպառնալիքները կանխելու նպատակով Facebook-ում բացվել է «Դասադուլ» էջ և ցանկացած ճնշման դեպք կարող է հրապարակվել այնտեղ և դրան անմիջապես կանդրադառնա արագ արձագանքման խումբը։
«Եթե համալսրաններում ռեկտորների, դեկանների կամ դասախոսների կողմից ինչ-որ սպառնալիքներ, շանտաժներ լինեն, թեկուզ կրթաթոշակների պահով կամ համալսարանից հեռացման պատճառով, մենք արագ կարձագանքենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ուսանողներից Արտակը, ով նախընտրեց չասել, թե որ համալսարանում է սովորում։
Ուսանողները նշեցին, որ արդեն տեղեկացել են, որ բուհերում պահանջել են դասադուլի մասնակիցների անունները։
«Ուսանողները տեղյակ են, որ դեկանները անուններ են վերացրել դասախոսներից, ովքեր ներկա չեն եղել։ Ուսանողների անունները գրում են փոխանցում ռեկտորին։ Պոլիտեխնիկից մեկին են վախեցրել, որ ինքնաբուխ դասադուլին են մասնակցում՝ սպառնալով, որ համալսարանից կհանեն»,- ասաց նա։
Ուսանողը նույնիսկ տեսանյութ ուներ, որում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանը սպառնում է ուսանողներին , ովքեր միացել են դասադուլին։










