Ֆրանսիայում նշել են Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցը

17:18 • 25.02.13

Փարիզի Հայ Առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում փետրվարի 24-ին մատուցվել է Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ, տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը:


Հոգևոր արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ և հայ համայնքի բազմաթիվ անդամներ:


Պատարագի ավարտից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիշատակի երթ դեպի Փարիզի Երևանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն` ի հիշատակ սումգայիթյանի ջարդերի զոհերին:


Միաժամանակ զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում: