Ժնևում ոգեկոչել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

17:29 • 25.02.13

Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում փետրվարի 24-ին տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաև եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։


Միջոցառմանը մասնակցել են շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:


Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմել են Սբ. Հակոբ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայրիկ Քահանա Հովհաննիսյանը և ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը:


Ս. Աբգարյանն իր խոսքում նշել է, որ սումգայիթյան ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնյակ տարիներ իրականցված հայաթափման և էթնիկ զտումների շարունակությունն էին:


Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ի պատասխան իրականացվել է դաժան բռնություն, ինչը սակայն չկոտրեց իր անկախության համար ոտքի ելած ժողովրդի կամքը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումն ու բարգավաճումը հարգանքի տուրք է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: