Գերմանական ընկերությունները վաճառել են կեղծ «էկոլոգիապես մաքուր» ձվեր

21:23 • 25.02.13

Ներկայումս Գերմանիայում ծաղկում է ապրում հերթական սկանդալը, որը կապված է հարյուրավոր գերմանական գյուղարտադրամասերի աշխատանքների հետ: Տևական ժամանակ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող հարյուրից ավել ընկերություններ պարբերաբար խախտել են հավերի պահման և մի շարք այլ կանոններ և իրենց արտադրանքը վաճառել են էկոլոգիապես մաքուր արտադրանքի անվան տակ: Այս մասին հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին:


Ըստ պարբերականի տվյալների՝ Օլդենբուրգի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Ստորին Սաքսոնիայի գրեթե 150 ընկերություններում, և մոտ 50 նմանատիպ գործեր են հանձնվել այլ դաշնային տարածքների հետաքննիչներին: Կասկածներ կան, որ շատ հավեր պահվում էին ավելի փոքր տարածքներում, քան նախատեսված է:


Նշենք նաև, որ խոսքը գնում է խարդախության և մի շարք տարբեր օրենքների խախտման մասին: Der Spiegel-ն ընդգծում է, որ այն դեպքում, եթե հաստատվեն մեղադրանքները, ապա այս գործը կդառնա այս ճյուղի ամենաաղմկահարույցներից մեկը:


Դեռևս հայտնի չէ, թե իրավապահ մարմինները երբ մեղադրանքներ կներկայացնեն, սակայն արդեն պարզ է, որ եվրոպական շատ խանութներում հայտնվել են միլիոնավոր ոչ ճիշտ հայտագրված բիոձվեր: