Ընտրությունների վերաբերյալ Policy Forum Armenia-ի նախնական վերլուծությունը

11:29 • 25.02.13

 Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունն այս պահի դրությամբ ավարտին է հասցրել 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ իր նախնական վերլուծությունը, որը հիմնված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված տվյալների վրա: Այս մասին տեղեկանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրությունից։


Համատեղելով ականատեսների վկայությունները և տեղական ԶԼՄ-երի մեծածավալ հաղորդագրությունները՝ մեր վերլուծությունը, որը կներկայացվի ստորև, հաստատում է հետևյալը.


• Նշանակալի և պարբերական ջանքերի կիրառում՝ միտված ընտրողների մասնակցության թվի արհեստական ուռճացմանը (Գծապատկեր 1, Բաշխատախտակ 1): Ակնկալվող մոդելից (օրինակ՝ նորմալ կամ Գաուսի բաշխում) շեղումները գերազանցում են 2008թ. նախագահական ընտրություններին առնչվող մեր վերլուծության մեջ տեղ գտած շեղումները (տես՝ PFA-ի «2008թ. ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրված խնդիրներ և վերլուծություն» զեկույցի Գծապատկեր 1–ը):


• Մասնակցության թվի ուռճացմանն ուղղված խախտումները կատարվել են հօգուտ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և ընդդեմ նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի (Գծապատկեր 1, Բաշխատախտակներ 1, 2): Ակնկալվող մոդելից շեղումները հսկայածավալ են և գերազանցում են 2008թ. նախագահական ընտրությունների լայնույթը (տես՝ PFA-ի «2008թ. ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրված խնդիրներ և վերլուծություն» զեկույցի Գծապատկեր 2 –ը):


• Ի հավելումն քվեարկողների թվի ուռճացման՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և այլ ընդդիմադիր թեկնածուների օգտին տրված քվեները խարդախությամբ գրանցվել են Սերժ Սարգսյանի օգտին. արհեստական կերպով քվեարկողների բարձր մասնակցություն արձանագրած ընտրատեղամասերում յուրաքանչյուր 100 քվեաթերթիկի բաժին է ընկնում Սերժ Սարգսյանի օգտին գրանցված 105 ձայն (համաձայն Գծապատկեր 2-ի Բաշխատախտակ 1-ի ուղիղ գծի անկյունային գործակցի):


• Ի թիվս այլ միջոցների՝ քվեարկողների թիվն ուռճացվել է քվեատուփերի լցոնման շնորհիվ: Համաձայն Գծապատկեր 2-ի Բաշխատախտակ 3-ի՝ անվավեր քվեաթերթիկների թիվը նվազում է քվեարկողների թվի աճին զուգահեռ, ինչը քվեատուփերի լցոնման պարզորոշ նշան է: Այս արդյունքը հակադրվում է 2012թ. կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ստացված տվյալներին, երբ քվեատուփի լցոնումը էական գործոն չի հանդիսացել (Տես՝ PFA-ի «2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններ» զեկույցը):


• Նշաններ կան առ այն, որ անվավեր քվեաթերթիկները հաշվվել են ի օգուտ գործող նախագահի (Գծապատկեր 2, Բաշխատախտակ 4):Սերժ Սարգսյանի օգտին գրանցված անվավեր քվեաթերթիկների թիվն առավել մեծ է այն ընտրատեղամասերում, որտեղ «անվավեր» ճանաչված քվեաթերթիկների հարաբերակցությունն առավել փոքր է:


• Գյուղաբնակ վայրերում ձայների հաշվարկի խախտումների վերաբերյալ անվիճելի ապացույցներ գոյություն ունեն: Նիշերիթեստերը (Գծապատկեր 3) բացահայտում են ընտրողների հաշվման գործընթացի մեջ մարդկային միջամտության նշանները (օրինակ՝ մեկ թեկնածուի օգտին գրանցված քվեաթերթիկների վերագրումը մեկ այլ թեկնածուի օգտին և այլն)՝ հիմնվելով այն չափումների վրա, որոնք ցույց են տալիս զգալի շեղումներ Երևանից և Գյումրիից դուրս գտնվող ընտրատեղամասերում երկու հիմնական մրցակիցների օգտին տրված ձայների միաչափ բաշխումից:


Արդյունքում, մենք եզրահանգում ենք առ այն, որ այն ընտրատեղամասերում, որտեղ տեղի չեն ունեցել ընտրախախտումներ, ընդդիմության հիմնական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ձայների առնվազն 4 տոկոս առավելությամբ: Սա, սակայն, նախագահության առավել հավանական երկու թեկնածուների միջև տարբերության նվազագույն շեմն է՝ արդեն վաղօրոք նշված խախտումների հաշվին՝ հօգուտ Սերժ Սարգսյանի:


Այս վերլուծությունն իրադարձությունների պաշտոնական տարբերակին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցին և 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների չափի վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-երի հաղորդագրություններին ուղղված հնարավոր ամենախիստ մարտահրավերն է:


Մեր արդյունքները խստիվ ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի ընտրությունների վերջնական արդյունքները պայմանավորված են խոշորածավալ խախտումներով և միջամտությամբ ու չեն արտահայտում ՀՀ քաղաքացիների ազատ կամքը:


Նրանք նաև հարցականի տակ են դնում Հայաստանի ընտրությունների համատեքստում միջազգային դիտորդների դերը՝ ի մասնավորի՝ նրանց անկողմնակալությունը և ավելի խրթին դարձող ընտրակեղծիքները հայտնաբերելու ունակությունը:


Մենք մեծապես խրախուսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա աջակիցներին համոզիչ կերպով իրականացնելու համակարգաընդգրկուն ձայների վերահաշվարկ (ինչն, անկասկած, կնվազեցնի գործող նախագահի ձայները և կհանգեցնի երկրորդ փուլի անցկացմանը) կամ չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները՝ որպես երկրի և իր ժողովրդի առաջընթացի միակ գրավական:

Գծապատկեր 1. Քվեարկության մասնակցության և դրանից թեկնածուներին բաժին ընկած ձայների հաճախականությունը



Աղբյուր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Policy Forum Armenia կազմակերպության հաշվարկներ
Գծապատկեր 2. Թեկնածուների մասնաբաժինը՝ որպես քվեարկության մասնակցության ֆունկցիա



Աղբյուր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Policy Forum Armenia կազմակերպության հաշվարկներ


Գծապատկեր 3. Ձայների հաշվարկի խախտումներ


Աղբյուր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Policy Forum Armenia կազմակերպության հաշվարկներ

Միայն երեք նիշանոց ձայների հաշվարկներն են ընդգրկված: 10 արժեքն ունեցող գիծը ցույց է տալիս միատեսակ բաշխման պայմաններում ակնկալվող մաքուր ձայների քանակը: Ծայրագագաթներով հատվածները ցույց են տալիս վստահության 95 տոկոսանոց միջակայքը յուրաքանչյուր նիշի համար: «Չի քառակուսու» (chi-square) թեստի տվյալը գյուղական համայնքների ընտրատեղամասերի համար (այսինքն՝ նրանք, որոնք չեն գտնվում ոչ Երևանում և ոչ Գյումրիում) ունի 29.74 արժեքը (p-ի արժեքը՝ 0.00)՝ մերժելով ցանկացած նշանակության մակարդակով միաչափ բաշխման վարկածը: Ի հակադրություն՝ վերջին նիշերի բաշխումը Երևանի և Գյումրիի ընտրատեղամասերում վիճակագրորեն չի տարբերվում համաչափից (Խի քառակուսու տվյալը՝ 6.1 և p-ի արժեքը՝ 0.734):