Հարավային Կորեայի առաջին կին նախագահը երդվել է՝ Gangnam Style-ի ներքո
Պակ Կին Հեն այսօր իր անունն է ամրագրել Հարավային Կորեայի պատմության մեջ՝ որպես այդ երկրի առաջին կին նախագահ, ով խոստանում է պաշտպանել Հարավային Կորեան հյուսիսային հարևանի թշնամական գործողություններից՝ միևնույն ժամանակ վերականգնելով հարաբերությունները Փհենյանի հետ, հայտնում է CNN-ը։
Այսօր Սեուլում տեղի ունեցած երդմնակալության արարողության ընթացքում նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր նպատակը Հյուսիսային և Հարավային Կորեաների ժողովուրդների համերաշխ, առանց թշնամանքի ու ատելության ապրելն է։ Նա նաև նշել է, որ հյուսիսկորեական միջուկային փորձարկումները մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն իր երկրի, այլ նաև հենց Հյուսիսային Կորեայի ժողովրդի համար։
Երդմնակալության արարողությանը մասնակցել է 70.000 մարդ։ Միջոցառմանն իր հանրահայտ «Gangnam Style» հիթով է հանդես եկել ռեփեր Psy-ն։
Պակ Կին Հեն Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում ընտրվել է անցած տարվա դեկտեմբերին։ Նրա հայրը՝ Պակ Չեն Հին, եղել է ժամանակակից Կորեայի համահիմնադիրներից, ով ղեկավարել է 18 տարի՝ մինչև 1979թ.։










