Իվանիշվիլին անձամբ կվերանորոգի Թբիլիսիի հայկական թատրոնը և 6 եկեղեցիները. դեսպան
Թբիլիսիում հայկական թատրոնը կվերանորոգվի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամի միջոցներից: Այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, հաղորդում է Грузия Online-ը:
«Չկասկածեք, վերանորոգումը կիրականացվի ամենաբարձր մակարդակով», - հայտարարել է դեսպանը՝ ավելացնելով, որ վարչապետն ինքն է թատրոնը վերանորոգելու ցանկություն արտահայտել:
Բացի թատրոնից, Իվանիշվիլիի հիմնադրամը կֆինանսավորի 6 եկեղեցիների վերականգնման աշխատանքները, որոնց պատկանելությունը որոշվում է, հայտարարել է դեսպանը:
«Ավելի լավ է ես դրանք վերականգնեմ, իսկ հետո թող գիտնականները որոշեն, թե ում է պատկանում այս կամ այն եկեղեցին: Քանի որ եթե մենք տարիներով վիճենք, դրանք իսպառ կքանդվեն, և արդեն որոշելու էլ բան չի մնա», - մեջբերել է վարչապետին դեսպանը:
Նրա խոսքով, ժամանակին որոշում էր կայացվել երկրի Մշակույթի նախարարության կողմից վերականգնողական աշխատանքներ իրականացնելու առնչությամբ, սակայն խնդիր էր առաջացել կապված ֆինանսական միջոցների հետ, և Իվանիշվիլին ինքնուրույն անցավ գործի:










