ԱՄՆ պետդեպը Ռուսաստանի՝ Սիրիայի հարցով դիրքորոշման շուրջ փոփոխություններ է ակնկալում

17:31 • 26.02.13

ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի՝ Սիրիայի հարցով դիրքորոշման փոփոխությանը, սակայն պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բեռլինում կայանալիք հանդիպումից բեկում չի ակնկալում, գրում է Взгляд-ը։

 

Լավրովը Քերիի հետ հանդիպման ընթացքում նախատեսում է քննարկել իրավիճակը Սիրիայում, Իրանում և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։


Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկելու են ԱՄՆ-ում որդեգրված ռուս երեխաների անվտանգության հարցերը։

 

«Մի ժամանակ մենք աջակցում էինք Ռուսաստանի դիրքորոշմանը, որը հետևյալն էր. այնտեղ՝ Սիրիայում, պետք է իրականացվեր քաղաքական վերափոխում, և մենք մտածում էինք, որ ՌԴ-ն կարող է կարևոր դեր ունենալ և համոզել Բաշար ալ-Ասադի ռեժիմին, որ անհրաժեշտ է իշխանության խաղաղ անցում իրականացնել։ Մենք չտեսանք որևէ առաջընթաց կամ փոփոխություն Ռուսաստանի դիրքորոշման հարցում»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցը։


Նա հաստատել է, որ հանդիպման առանցքում լինելու է Սիրիայի հակամարտությունը և հետագա քայլերը՝ դրա խաղաղ լուծման համար։ «Սակայն մենք չենք կարծում, որ այդ հանդիպումը բեկումնային կլինի»,-ասել է դիվանագետը։


ԱՄՆ-ն ցանկանում է, որ հանդիպումն անցնի արդյունավետ և բարեկամական մթնոլորտում։


Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, Քերին և Լավրովն ավելի վաղ (երբ Քերին Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն էր) բազմաթիվ հանդիպումներ են ունեցել։