Դեդ Հասանի քառասունքին ձերբակալվածների թվում է նաև հաղորդավարուհի Քսենյա Բորոդինայի հայրը
ՌԴ-ում հայտնի հաղորդավարուհի Քսենյա Բորոդինայի հայրը՝ Կիմ Ամոևը, եղել է Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) քառասունքի կապակցությամբ Մոսկվայի հյուրանոցներից մեկում հավաքված քրեական հեղինակությունների թվում։
Life News-հետ զրույցի ընթացքում անանուն աղբյուրը հայտնել է, որ Բորոդինայի հայրը Դեդ Հասանի հեռավոր ազգականներից է։ 72-ամյա Ամոևին, ինչպես տասնյակ այլ ձերբակալվածների, տարել են ոստիկանության բաժանմունք, վերցրել մատնահետքերը, լուսանկարել և ստուգել նրանց մեղսակցությունն ավելի վաղ կատարված հանցագործություններին։ Մի քանի ժամ անց քրեական հեղինակություններին ազատ են արձակել։
Քրեական հեղինակությունների հավաքը տեղի է ունեցել Korston հյուրանոցում, որտեղ ներկա է եղել մոտ 1.000 մարդ՝ Դեդ Հասանի ազգականները, ընկերներն ու գաղափարակիցները։ Հավաքի սկզբից 1 ժամ անց սրահ են ներխուժել իրավապահները, ովքեր շուրջ 70 քրեական հեղինակությունների են ձերբակալել, որոնց թվում է եղել նաև Դեդ Հասանի 52-ամյա զարմիկը։










