Հարավային Աֆրիկայում վաճառվող համբուրգերներում և նրբերշիկներում հայտնաբերվել է էշի, այծի և գոմեշի միս
Հարավաֆրիկացի գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել համբուրգերներում ձիու մսի հայտնաբերման շուրջ սկանդալի ֆոնին և պարզել, որ տավարի մսով համբուրգերների և նրբերշիկների անվան տակ վաճառվում է էշի, գոմեշի և այծի միս, հայտնում է BBC-ին։
Stellenbosch University-ի մասնագետների հրապարակած հետազոտության մեջ նշվում է, որ 139 ապրանքանմուշից 99-ը պարունակել են այնպիսի միս և բաղադրիչներ, որոնց մասին նշված չի եղել ապրանքի պիտակի վրա։
Հիմնականում նման բաղադրիչներ պարունակել են համբուրգերները, նրբերշիկներն ու մսային ուտեստները։
«Դա ոչ միայն նորմերի և կանոնների խախտում է, այլև ունի կրոնական և տնտեսական հետևանքներ»,- ասել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Լոուրենս Հոֆմանը։
Նրա խոսքով՝ թեստերի արդյունքում, սակայն, ձիու միս չի հայտնաբերվել՝ այն դեպքում, երբ հենց այս մսի հայտնաբերումը մի շարք սննդամթերքներում մեծ սկանդալի պատճառ է դարձել Եվրոպայում։










