Կիբերտիրույթում նոր սառը պատերազմը լուրջ փորձություն է ԱՄՆ-Չինաստան կապերի համար. The New York Times

08:31 • 26.02.13

«ԱՄՆ-ի պրովայդերներին փոխանցելով գաղտնի հասցեների երկար ցանկը, որոնք կապված են ամերիկյան կորպորացիաներից տեղեկություններ գողացած հաքերային խմբի հետ, Օբամայի վարչակազմը չի հիշատակել մի կարևորագույն փաստ` այդ ցանկի գրեթե բոլոր հասցեների ուսումնասիրությամբ բացահայտվել է, որ դրանք Շանհայի մոտի մի շրջանից են, որտեղ տեղակայված է չինական կիբերզորքերի շտաբը», - գրում է Դևիդ Սենդջերը The New York Times-ում:

 

Հեղինակի խոսքով, նման տեղեկությունը թաքցնելը ցույց է տալիս, որ Օբամայի վարչակազմը չգիտի, թե ինչպես հաքերների հարցով դիմի Չինաստանի նոր և դեռևս որևէ կերպ չդրսևորված ղեկավարությանն այն դեպքում, երբ այդ հարձակումները դադարեցնելու պահանջները երկրի ներսում ավելի ու ավելի բարձր են հնչում, իսկ Պեկինը հայտարարում է, որ դրա հետ որևէ կապ չունի:


«Այդ հարցը ցույց է տալիս, թե որքանով է երկու ամենախոշոր տնտեսական գերտերությունների միջև զարգացող «սառը կիբերպատերազմը» տարբերվում նախորդ տասնամյակների ավելի ծանոթ հակամարտություններից: Որոշ իմաստով այն ավելի քիչ վտանգավոր է, սակայն մեկ այլ կողմից այն ավելի բարդ ու վնասակար է», - գրում է հեղինակը:


«Չինաստանը ԱՄՆ-ի ուղղակի թշնամի չէ, ինչպես մի ժամանակ ԽՍՀՄ-ը, ավելի շուտ, Չինաստանը տնտեսական մրցակից է, կարևորագույն մատակարար և սպառող: Նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել էր 425 մլրդ ԱՄՆ դոլարի: Բացի այդ, Չինաստանը, չնայած մի շարք դիվանագիտական հարցերում առկա լարվածությանը, պահպանում է ԱՄՆ-ի հիմնական վարկատուի կարգավիճակը», - հիշեցնում է Սենջերը:

 

Չինաստանի մասով ԱՄՆ ԿՀՎ-ի վերլուծաբան Քրիս Ջոնսոնի խոսքով՝ խնդիրը նրանում է, որ Չինաստանի համար շատ հեշտ է հերքել կատարվողը և ամեն բան բարդել ուրիշների վրա, քանի որ ԱՄՆ կառավարության մեջ որևէ մեկը հակահարված տալու ցանկություն չունի:


Հեղինակը բացատրում է, որ հենց դրանում է սառը պատերազմի ժամանակվանից հիմնական տարբերությունը: Այն ժամանակ ցանկացած հարձակում ահռելի և սարսափելի հակահարվածի կհանգեցներ և մարդկային մեծաքանակ զոհեր կլինեին, այդ պատճառով կողմերից որևէ մեկը չէր «խիզախի» նման քայլ իրականացնել:


«Պետությունների միջև երկխոսության մի մասը չափազանց շիկացած է, քանի որ այն սնուցվում է կիբերանվտանգության և կիբեր հարձակողական զենքերի արդյունաբերության կողմից», - նշում է հոդվածի հեղինակը:


Սակայն, նրա խոսքով, բանը նրանում է, որ այժմ արդեն բավական լուրջ է քննարկվում այն հարցը, թե ԱՄՆ ենթակառուցվածքների դեմ ո՞ր տեսակի հարձակման պարագայում կարող է հակահարձակում լինել: