Իրանը Photoshop-ով «հագցրել է» Միշել Օբամային
Իրանը հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը ցուցադրելիս ծածկել է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հագուստի բացվածքները, տեղեկացնում է USA Today-ը։
Մրցանակաբաշխության ընթացքում Միշել Օբաման ներկայացրել էր «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգն ու մրցանակը շնորհել «Օպերացիա «Արգո»» ֆիլմին։
Լուրը հաղորդելիս, սակայն, իրանական FARS լրատվական գործակալությունը Photoshop-ով ծածկել է ԱՄՆ առաջին տիկնոջ ուսերն ու կրծքավանդակի վերին մասը։
Հիշեցնենք, որ երեկ Իրանը խիստ քննադատել էր ռեժիսոր Բեն Աֆլեքի «Օպերացիա «Արգո»» ֆիլմը՝ այն համարելով հակաիրանական։
«Այս ֆիլմը չունի որևէ գեղարվեստական արժեք, և այն բավականին թույլ է գեղարվեստական տեսանկյունից, սակայն մենք ուրիշ ոչինչ չէինք էլ սպասում մեր թշնամիներից»,- ասել էր Իրանի մշակույթի նախարարը։










