Անտարկտիկայի ջրերում ծովամարտ են մղել ճապոնական կետորսները և բնապահպանները (տեսանյութ)
Անտարկտիկայի ջրերում բախում է տեղի ունեցել երկու կետորսական նավերի և բնապահպանների նավի միջև: Ծովային որսորդները գրոհել են «կանաչների» նավը և «կրակել» ջրային թնդանոթներով, հաղորդում է russian.rt.com-ը:
Անհայտ է, թե ով է առաջինը հակամարտության մեջ մտել: Բնապահպանները մեղադրում են ճապոնացիներին, իսկ վերջիններս ասում են, թե բնության պաշտպանների նավն ինքն է նախահարձակ եղել: Բարեբախտաբար, հակամարտության հետևանքով տուժածներ չկան:
Ճապոնացիներին բազմիցս են մեղադրել կետորսության դաժանության համար, սակայն նրանք հայտարարում են, որ չեն պատրաստվում հրաժարվել այդ գործունեությունից:
Պաշտոնական Տոկիոն իր հասցեին ուղղված քննադատությունը անվանում է «հարձակում ճապոնական մշակույթի վրա»:
Նշենք, որ այս օրերին բնապահպանները պատմության մեջ խոշորագույն ակցիաներից են իրականացնում Անտարկտիկայի ջրերում` ուղղված կետորսության դեմ: Դրան մասնակցում են 4 նավեր և 120 ակտիվիստներ:










