«Միացե՛ք», «հեռացե՛ք». ԵՊՀ–ի մոտ դասադուլը շարունակվում է երկրորդ օրը (լուսանկարներ, տեսանյութ, տարբերակ 2)

11:48 • 26.02.13

Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ  Է


Համաբուհական դասադուլի կազմակերպիչ ուսանողները, որոնք հայտարարել են դասադուլ մինչև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, այսօր վաղ առավոտից հավաքվել են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ:


Դասադուլի մասնակիցները մյուս ուսանողներին կոչ են անում միանալ դասադուլին, իսկ ուսանողների մի խումբ էլ, որոնք ըստ դասադուլի կողմնակիցների կասկածների՝ ուսխորհրդի ներկայացուցիչներ են, նրանցից պահանջում են հեռանալ տարածքից:


Դասադուլի կողմնակից ուսանողները վանկարկում են «մի-ա-ցում», մյուս խումբը՝ «հե-ռա-ցում»: «Հեռացում» վանկարկողների թվում է նաև բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանը, ով վստահեցնում է, որ եկել է պաշտպանելու ԵՊՀ 18000 ուսանողների սովորելու իրավունքը:


Համալսարանի տարածքում են նաև մեծ թվով ոստիկաններ, որոնք պատ են կազմել համալսարանի առաջ և դասադուլ անող ուսանողներին պահանջում են հեռանալ տարածքից:

 
Հիշեցնենք, որ երեկ դասադուլը մեկնարկել էր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից, որը շարունակվել էր ինչպես ԵՊՀ այլ մասնաշենքերի մոտ, այնպես էլ այլ բուհերի տարածքում։
 

12.04
 


 Ակցիայի մասնակիցները «Մեռածներին տանում ես ընտրության, որ ի՞նչ անես» «Չենք վաճառվում» գրություններով պաստառները ձեռքներին,  ոմանք նաև սև ժապավեններով բերանները կապած, լռության ակցիա անցկացրեցին ԵՊՀ–ի մոտ:

Այս ակցիայի խորհրդանշական իմաստն այն է, որ չեն խանգարում դասադուլին չմիացած ուսանողների ուսումնական պրոցեսին:

Այնուհետև դասադուլ անող ուսանողները երթով շարժվեցին դեպի Հայկական պետական մանկավարժական համալսարան:

 

13.25
 



ԵՊՀ-ից Մանկավարժական համալսարան գնալու ճանապարհին դասադուլավորները կանգ առան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մոտ, որտեղ կոչեր արեցին՝ միանալու դասադուլին, սակայն այստեղ դասադուլին միացողները քիչ էին:


Ի պատասխան ակտիվիստներից մեկի գոռոցի, թե արդյոք այստեղ որևէ մեկը սովորո՞ւմ է, ինստիտուտի ուսանողներից մեկը պատասխանեց.«Արի ստեղ, արա, կասեմ՝ ստեղ մարդ սովորում ա, թե չէ»:


Սակայն նրա ընկերները վրդովված ուսանողին հանգստացրին՝ խորհուրդ չտալով սադրել կամ գնալ սադրանքների:
Ներկաների թվում էր նաև ինստիտուտի դասախոս ներկայացած մեկը, ով դուրս գալով՝ դասադուլի ակտիվիստներին կոչ արեց հեռանալ տարածքից և չխանգարել իրենց ուսանողներին:


Հաջորդ կանգառն արդեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնաշենքն էր: Մինչև ակցիայի մասնակիցների տեղ հասնելն արդեն շենքի դիմաց սպասում էին մի խումբ ապագա մանկավարժներ, այդ թվում՝ Ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, ով գոռում էր՝ հեռացե՛ք, թո՛ւյլ տվեք, որ ուսանողները սովորեն:


Tert.am–ի հարցին, թե ինչու են սովորելու ցանկություն ունեցող մանկավարժականի ուսանողները դրսում, ոչ թե լսարանում, Ներսիկ Մարգարյանը պատասխանեց՝ ասելով, որ արդեն իսկ ուսումնական պրոցեսը խաթարված է, և իրենք ստիպված են իջել:

Նշենք, սակայն, որ Մանկավարժական համալսարանի մոտ ակցիայի մասնակիցներին միացավ բուհի նախկին ուսանող՝ 83-ամյա Հրաչյա Էլոյանը, ով բարձրախոսով հորդորեց պայքարել մինչև վերջ: «Այնքան մինչև չարի վերջը տան»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները ճանապարհը շարունակում են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուղղությամբ, որտեղ նրանց սպասում են: