ԱՄՆ-ի Սենատն այսօր կընտրի Պենտագոնի նոր ղեկավար

10:16 • 26.02.13

Ամերիկացի սենատորներն այսօր պետք է որոշեն Չակ Հեյգելին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը, հայտնում է Вести-ն։

 

Քվեարկությունը պետք է անցկացվեր դեռևս փետրվարի 14-ին, սակայն դա տեղի չունեցավ հանրապետականների միջամտության պատճառով։ Հեյգելի կուսակիցներին դուր չի գալիս նրա դիրքորոշումն Իրանի հարցում, որն ըստ մյուս հանրապետականների, բավական մեղմ է։ Միևնույն ժամանակ հանրապետականները գտնում են, որ Իսրայելի հարցում Հեյգելը չափից ավելի խիստ դիրքորոշում ունի։ Այդուհանդերձ ակնկալվում է, որ այսօր Հեյգելի թեկնածությունը, անկախ ամեն ինչից, կհաստատվի։

 

Ընթացիկ տարվա հունվարի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջադրել էր Հեյգելի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։ Սենատի զինված ուժերի հանձնաժողովը նրա թեկնածությունը հավանության էր արժանացրել։ Հունվարի վերջին Սենատում կայացած լսումների ժամանակ Հեյգելին բազմաթիվ հարցեր են ուղղվել, որոնցից մի քանիսին նա չի կարողացել պատասխանել։ Արդյունքում՝ նրա թեկնածության հաստատման գործընթացը ձգձգվել է։

 

Նրա կուսակից հանրապետականները մտավախություն ունեն, որ Հեյգելը կլինի «փափուկ» պաշտպանության նախարար, ով քննադատում է Միացյալ Նահանգների սերտ հարաբերություններն Իսրայելի հետ և մտադիր է համոզել Իրանին հետ կանգնել միջուկային զենքի ստեղծումից։