ԼՂՀ արտգործնախարարը հանդիպել է Լիտվա–Արցախ բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ

18:21 • 27.02.13

2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմասում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ:


Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև լիտվացի այլ խորհրդարանականներ, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:


Նախարարը ողջունել է բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը՝ այն բնութագրելով որպես ժողովրդավարության սկզբունքների հիման վրա անկախ պետականության կերտման ճանապարհին ԼՂՀ ժողովրդի ունեցած ձեռքբերումների անաչառ գնահատական:


Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այն օրինակելի նախադեպ կհանդիսանա այլ երկրներում ևս Արցախի ժողովրդի կամաարտահայտությանը սատարելու համար` անդառնալի դարձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:


Հանդիպման արդյունքում երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական բնույթ հաղորդել դրան: