Բաքուն Մոսկվային մեղադրում է հակաադրբեջանական դիրքորոշման մեջ
Բաքվում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը երեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ РИА Новости գործակալության հրապարակած հոդվածի պատճառով, որը, ինչպես կարծում են ազերի իշխանավորները, «հակաադրբեջանական բնույթ» ունի, գրում է BBC-ն:
Խոսքը վերաբերում է փետրվարի 25-ի «Ղարաբաղը 25 տարվա ընթացքում սովորել է լինել չճանաչված» վերտառությամբ (Нагорный Карабах за 25 лет научился быть непризнанным) ծավալուն հոդվածին:
Ինչպես ռուսական դիվանագետին հայտարարել է ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Մահմուդ Մամեդ-Գուլիևը, հոդվածագիրը ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ:
Նրա կարծիքով, այդ հոդվածը Ռուսաստանի պետական լրատվական գործակալության կայքում տեղադրելով՝ երկիրը «մթագնում է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի` հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված գործունեությունը»:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ «հակաադրբեջանական հրապարակումները վերջին շրջանում լայն տարածում են ստացել Ռուսաստանի ԶԼՄ-ներում»:
Իր հերթին, Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ հրապարակման հեղինակի դիրքորոշումը չի արտահայտում ռուսական պետական տեղեկատվական գործակալության խմբագրության կարծիքը:
Ինչպես հայտնում է ռուսական դեսպանատան մամուլի ծառայությունը, Վլադիմիր Դորոխինը Մ.Մամեդ-Կուլիևին տեղեկացրել է այն մասին, որ նյութը հանվել է РИА Новости-ի պաշտոնական կայքից, իսկ գործակալության ղեկավարությունը ներկայում ճշտում է կատարվածի մանրամասները:
«Այդ կապակցությամբ կարիք չկա կասկածի տակ դնել պաշտոնական Մոսկվայի անփոփոխ մնացող դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ», - հայտնում են ռուսական դեսպանատնից:










