Օբաման չի արձագանքի ադրբեջանական հանրագրերին. Սպիտակ տունն էլ ազերիներին ասել է՝ ԼՂ հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ

11:26 • 27.02.13

ԱՄՆ Սպիտակ տունն ադրբեջանցիներին հերթական անգամ ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չի կարող  ունենալ:

 

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը նման հայտարարությամբ հանդես է եկել՝  արձագանքելով Սպիտակ տան կայքում զետեղված ադրբեջանական հանրագրերին: 

 

Հիշեցնենք, որ վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տան կայքում (We the People- «Մենք` ժողովուրդը» բաժնում)  զետեղվել էր ադրբեջանամետ երկու  հանրագիր: Դրանցից մեկով պաշտոնական Վաշինգտոնին կոչ էր արվում ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը՝ նշելով, թե այդ հակամարտության արդյունքում Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը:

 

Երկրորդ  հանրագիրը վերաբերում էր 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած դեպքերին՝ Վաշինգտոնին  կոչ անելով հարգել «Խոջալուի սպանդին զոհ դարձած ադրբեջանցիների հիշատակը և ճանաչել այն որպես ցեղասպանություն»:

 

Երկու հանրագրերն էլ հավաքել էին 100 հազ. ավելի ստորագրություն: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Սպիտակ տունը, որոշ դեպքերում նաև ԱՄՆ նախագահը 100 հազարից  ավելի ստորագրություն հավաքած  հանրագրերի առնչությամբ հայտարարությամբ են հանդես գալիս և իրենց տեսակետը հայտնում:

 

Ադրբեջանական հանրագրերի առնչությամբ Սպիտակ տան տարածած հայտարարությունում, նշվում է, որ նախագահ Բարաք Օբաման դրանց հետ կապված հայտարարությամբ հանդես չի գալու: Բացի այդ, Սպիտակ տունը երկու հանրագրերին պատասխանել է մեկ տեքստով, որը ստրև ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր տեսակետներին Սպիտակ տանը հաղորդակից դարձնելու համար: Նախագահն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես չի գա, մենք սակայն, ցանկանում ենք նշել, որ Միացյալ Նահանգները խորը ցավ է ապրում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ գրանցված մարդկային ողբերգական կորուստների համար: Այդ կորուստներւը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Հակամարտության միմիայն վերջնական և խաղաղ կարգավորումը կարող է  կայունություն, առաջընթաց և հաշտություն հաստատել տարածաշրջանում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ այդ ուղղությամբ կողմերի հետ աշխատելու գաղափարին»: