Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
Ինչպես հաղորդում է Միացյալ Նահանգներում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, միջադեպը գրանցվել է երեքշաբթի՝ 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի ջարդերի տարելիցին նվիրված արարողության ժամանակ: Միջոցառումը, որ կրում էր «Սումգայիթյան դեպքերից 25 տարի անց. ներկա վիճակն ու ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար» խորագիրը, կազմակերպել էր ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշեբլոունը:
Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել ֆրանսիացի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի քանի «անկոչ» ադրբեջանցիներ: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունից տեղեկանում ենք, որ նրանք եղել են Ֆրանսիայում սովորող ադրբեջանցի ուսանողներ, որոնք, լսելով միջոցառման մասին, «որոշել են գնալ ու պատմել, թե իրականում այդ օրերին ինչ է տեղի ունեցել»:
Ադրբեջանցիները սկսել են հակահայկական կարգախոսներ վանկարկել: Իսկ երբ միջոցառման սկզբում մասնակիցներին կոչ է արվել մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը, ադրբեջանցիները ոտքի չեն կանգնել: Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը մոտեցել է նրանց՝ հարցնելու, թե ինչու ոտքի չեն կանգնում: Նրանցից մեկն ասել է, թե նույն այդ օրերին Ադրբեջանում նշվում է Խոջալուում հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականցված «ցեղասպանության» տարելիցը (իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992թ. ԼՂ Խոջալու գյուղում, կարդացեք այստեղ- Tert.am) և իրենք կհարգեն միմիայն Խոջալուի զոհերի հիշատակը:
Մեկ այլ «խիզախ» ադրբեջանցի էլ համարձակվել է հարվածել Վարժապետյանին: Այդ ամենը տեսնելով՝ հայերը օգնության են շտապել. կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել:
Միջադեպից քիչ անց Ֆրանսիայի Ազգային ժողովի տարածքում են հայտնվել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեյովը (նրան ուղեկցել են դեսպանատան մի քանի աշխատակիցներ) և դատապարտել է կատարվածը:
Ենթադրվում է, որ ադրբեջանցիները միջոցառման վայր են ժամանել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հրահանգով՝ հիշատակի արարողությունը տապալելու նպատակով:
«ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանցի ուսանողների վիճակը ծանր է:










