Գերմանիան կզրկվի Բեռլինի պատի ամենաերկար հատվածից

12:31 • 27.02.13

Գերմանիայի մայրաքաղաքը կզրկվի հանրահայտ Բեռլինի պատի պահպանված հատվածի ամենախոշոր մասից, որը գտնվում է Ֆրիդրիխսհայն թաղամասում, հայտնում է Euromag-ը։

 

1316 մ երկարությամբ East Side Gallery-ն որպես պատմական հուշարձան առնված է պաշտպանության տակ։ Չնայած այդ հանգամանքին, պատի մի հատվածը կքանդվի՝ շինարարական նպատակներով։ Բեռլինի իշխանությունները նպատակ ունեն Շպրեե գետի վրա կամուրջ կառուցել, ինչպես նաև հետիոտնի անցում։

 

Բեռլինի պատը 155 կմ երկարությամբ պետական սահման է եղել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության և Արևմտյան Բեռլինի միջև: Այն կառուցվել է 1961թ. օգոստոսի 13-ին Վարշավայի պայմանագրի երկրների կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով և ԳԴՀ Ժողովրդական պալատի որոշման հիման վրա։

 

1989թ. նոյեմբերի 9-ին ժողովրդական զանգվածային ելույթների արդյունքում ԳԴՀ կառավարությունը հանել է Արևմտյան Բեռլինի հետ հաղորդակցվելու սահմանափակումները, իսկ 1990թ. հոկտեմբերի 3-ին երկու Գերմանիաները վերամիավորվել են: Բեռլինի պատից մնացել է միայն 1300մ-անոց հատված, որը թողել են որպես սառը պատերազմի ամենահայտնի խորհրդանիշի հուշարձան: