Սաակաշվիլին կարծում է, որ ՌԴ-ի կողմից պարտքի զրոյացման դիմաց Կուբան կճանաչի Աբխազիան ու Հարավային Օսիան

09:33 • 27.02.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանը հենց այնպես չի չեղյալ համարել Կուբայի բազմամիլիարդանոց պարտքը։ Փոխարենը, ըստ նրա, Ռուսաստանը կխնդրի Կուբային ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Սաակաշվիլին հայտարարել է երեկ երեկոյան վրացական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։

 

Միևնույն ժամանակ նա քննադատել է վրացական կառավարության որոշ ներկայացուցիչների՝ նշելով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրի վերաբերյալ վտանգավոր հայտարարությունների փոխարեն հարկավոր է միասին աշխատել և «թույլ չտալ Ռուսաստանի կողմից գրավված Վրաստանի տարածքների օրինականացումը»։

 

Նա մասնավորապես հիշեցրել է Վերաինտեգրման հարցերի նախարար Պաատա Զաքարեիշվիլիի խոսքերը, երբ նա լրագրողներին հայտարարել էր, որ «հարկավոր է հետաքննել հանցագործությունները, որոնք իրականացվել են նախորդ տարիներին Սաակաշվիլիի ռեժիմի կողմից Աբխազիայում և Հարավային Օսիայում»։

 

«Երբ նման հայտարարություն է անում քո նախարարը, ապա կուբացի դիվանագետը, կամ ինչ-որ աֆրիկացի դիվանագետ սկսում է կարծել, որ, հավանաբար, իսկապես ամեն ինչում մեղավոր են եղել վրացիները»,- ասել է Սաակաշվիլին։