Դասադուլավորները շարժվում են դեպի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան (թարմացվում է, տարբերակ 1)

12:01 • 27.02.13

Բուհերի դիմաց շարունակվում է դասադուլի ակցիան: Վաղ առավոտյան միջադեպ է գրանցվել Երևանի պետական համալսարանի մոտ, երբ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը դուրս է եկել դասադուլի կոչ անող ուսանողներին ընդառաջ և պահանջել, որ հեռանան, ինչից հետո ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի և «Հայաստանի ժողովրդական կուսակցության»՝ ՀԺԿ-ի երիտթևի նախագահ Նարեկ Վարազդատյանի միջև տեղի է ունեցել քաշքշուկ:


Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը, համալսարանից ուսանողները «Ազատ, անկախ ուսանող» վանկարկումներով շարժվեցին դեպի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ ուսխորհրդի ներկայացուցիչ Վազգեն Մկրտչյանը կոպիտ տոնով դասադուլավորներին առաջարկեց հեռանալ և չխանգարել դասապրոցեսը:


«Դուք ո՞վ եք, որ եկել ստեղ խանգարում եք մեր դասը, գոռում եք, ի՞նչ եք ուզում ասել, ուսանող լինելը դրանով չի որոշվում»,- ասաց Վազգեն Մկրտչյանը:


Նրանց հաջորդ կանգառը ԵՊՀ, այսպես կոչված, սև շենքն էր, որի ճակատային մասն ամբողջությամբ փակված է ոստիկանների կողմից, ովքեր թույլ չտվեցին, որ այնտեղից ուսանողները միանան դասադուլավորներին:

Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ագրարային համալսարան, որտեղ նրանց դիմավորեցին ագրեսիվ:


Ակցիայի մասնակիցների թվին մոտ երկու անգամ գերազանցող ուսանողները պրոռեկտորի ու դասախոսների հետ միասին վանկարկեցին՝ հեռացեք:


Երբ դասադուլավորները նրանց ասացին «բարև», նրանց պատասխանեցին՝ «հաջող»:


Ի պատասխան «Բարևի» կողմնակիցները բղավել են՝ «Բանտերից դուրս եկե՛ք, դուք ազատ քաղաքացիներ եք: Իսկ մենք ձեր քույրերն ու եղբայրներն ենք»:

Ագրարային համալսարանից հետո ակցիայի մասնակիցները մտադիր էին շարժվել դեպի Ճարտարագիտական համալսարան, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց խորհուրդ տվեց չգնալ Տերյան փողոցով, քանի որ այդ դեպքում ոստիկանությունն ի վիճակի չի լինի ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը:


Վալերի Օսիպյանը որևէ պատճառաբանություն չներկայացրեց , թե ինչու հատկապես Տերյան փողոցում է երթը վտանգավոր և երկար բանակցություններից հետո, ի վերջո, հայտարարեց, որ Ճարտարագիտական համալսարանում, ըստ իրենց տեղեկությունների, մեծ թվով սադրիչներ կան:


12։07

Այս պահին ուսանողները Աբովյան փողոցով շարժվում են դեպի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան։ Ճանապարհին նրանց շարքերը համալրվում են: Նրանց միանում են շարքային քաղաքացիներ, անցորդներ, որոնցից մեկը հարցրեց՝ «Դո՞ւք եք հեղափոխություն անում»: Ուսանողները երգում են Հայաստանի պետական օրհներգը:

 


12։32

Թեև դասադուլավոր ուսանողները շարժվում էին դեպի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, բայց կանգ առան Կոնսերվատորիայի առջև, որտեղ «դիմավորողներ» ունեին։

Ռեկտորի երիտասարդների գծով օգնական Գուրգեն Բավեյանի գլխավորությամբ՝ մի խումբ ուսանողներ, «պատ կազմած» կանգնած էին մուտքի առջև։

Բավեյանն ասաց, որ ոչ թե դուրս են եկել միանալու դասադուլին, այլ ասելու, որ սա նեղ մասնագիտական ուսումնական հաստատություն է, այստեղ երաժիշտներ են սովորում և չեն ցանկանում, որ խանգարեն իրենց դասը։

Հարցին, թե արդյոք այդ կարծիքի՞ն է բուհի ուսանողների մեծամասնությունը, Բավեյանը պատասխանեց, թե համոզված է, որ դա մեծամասնության կարծիքն է, քանի որ բուհից փոքրաթիվ ուսանողներ են միացել դասադուլին։

Նա կարծիք հայտնեց, որ եթե հանրապետությունում կա 60-50 հազար ուսանող, 200 դասադուլ անողով ոչ մի հարց չի լուծվում։