Սերժ Սարգսյանի երդմնակալությունը` ապրիլի 9-ին. Հովիկ Աբրահամյանն էլ վարչապետ չի ուզում դառնալ

16:06 • 27.02.13

Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ նոր Կառավարության կազմի հարց չի քննարկվել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը նշանակված է ապրիլի 9-ին:


Ինչ վերաբերում է նրան, որ Կառավարության դեմքը փոխվելու է, ապա Հովիկ Աբրահամյանն ասաց.«Մենք ասել ենք, որ փոփոխություններ են լինելու, բայց դա չի վերաբերում (նկատի ունի նշանակում – Tert.am), որ դա վարչապետի փոփոխություն է, որը միշտ փորձում եք ասել: Որևէ նման հարց չի քննարկվել: Մենք նախագահի հետ խոսել ենք Ազգային ժողովի մեր գործերի մասին: Եվ իմ կարծիքով՝ դա դեռ շուտ է»:


ԱԺ նախագահը հավելեց, որ քանի որ մարտից 3-ից սկսում են Երևանի ավագանու և քաղաքապետի առաջադրումները, դեռ պետք է ավագանու ցանկ կազմեն, ըստ ժամանակացույցի գնան առաջ:


Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը լինելու է ապրիլի 9-ին, նույն օրը Կառավարությունը հրաժարական կներկայացնի և մեկ ամսվա ընթացքում կնշանակվի վարչապետ ու կձևավորվեն կառավարության կազմը:


Լրագրողի հարցին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նախկինում ցանկանում էր վարչապետ դառնալ, հիմա՝ ոչ:


Ազգային ժողովի նախագահը կիսում է այն կարծիքը, որ ապագայում ձևավորվելիք Կառավարությունում պետք է լինեն արհեստավարժ մարդիկ:


Հարցին, թե կոալիցիոն կառավարությունները «պրավալ» են տալիս Կառավարության ծրագրերը, որպես իր անձնական կարծիք պատասխանեց. «Այո, եթե ապագայում հնարավոր լինի ստեղծել կոալիցիա, համոզված եմ, որ նախագահի առաջարկներից, պայմաններից մեկը լինելու է այն, որ տվյալ քաղաքական ուժի կադրերը լինեն շատ՝ երկու-երեք, որտեղից այնպիսի մեկը ընտրվի, որը կարող է ոլորտը կառավարել: Դա կրկնում եմ՝ իմ անձնական կարծիքն է: Եվ ես առաջարկելու եմ»:


Հովիկ Աբրահամյանը ասաց, որ միշտ լինում են կոալիցիոն գործընկերներ, որոնք լավ բաները վերագրում են իրենց, իսկ վատ արդյունքները՝ իշխանությանը, նախագահին, ինչն ասաց, որ արդար չէ:


Տեսականորեն Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի բացառում, նաև ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիայի ձևավորումը: ԱԺ նախագահն ավելացրեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք մեր ծրագրերին համամիտ են և պատրաստ են սատարելու Սերժ Սարգսյանի ծրագրերը, և կցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր գործադիր մարմինն այդ հարցը կքննարկի»: