Հնարավոր գողի վնասազերծման նպատակով օգնության մեկնած փրկարարները ճանապարհին կանխել են ինքնասպանության փորձը

01:45 • 27.02.13

Փետրվարի 26-ին, ժամը 22.21-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի թիվ 9-րդ բնակարանում հնարավոր է գող կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:

 

Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները Կիևյան կամրջի տարածքում նկատել են մոտ 35 տարեկան կնոջ, ով փորձել է իրեն նետել ընթացող ավտոմեքենաների տակ, սակայն անհաջող փորձից հետո նա վազել է դեպի կամուրջը, որպեսզի ցած նետվի:

 

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը և կնոջը հանձնել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:

 

Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարող կինը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում:

 

Այնուհետև փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը մեկնել է նախորդ կանչի վայր:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:  Այլ մանրամասներ չեն հաղորդվում: