Ինչ-որ բան նժդեհական չէ, վախ կա. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Քաջարանի ՀՀԿ–ական քաղաքապետին

16:13 • 27.02.13

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Սյունիքի մարզ այցի ընթացքում հանդիպեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի հետ, ում հետ զրույցում ասաց, որ այնտեղ, կարծես, ինչ–որ բան այն չէ, վախի մթնոլորտ կա։


Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Քաջարանում ևս հաղթել է ժողովուրդը, և ինքը չի հավատում պաշտոնական տվյալներով 45% մասնակցությանը, քանի որ ինքը փողոցներում այդ 45%-ին չի տեսնում։


Դիմելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ քաղաքապետին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ինչ-որ բան նժդեհական չէ, վախ կա, թե դա ձեզնից է, մարզպետից է, 3-րդ նախագահից է, որ մինչև ապրիլի 9-ն է նախագահ լինելու, ես չգիտեմ»։


Քաղաքապետը նշեց, թե ինքը հույս ուներ, որ առաջինը Րաֆֆին պիտի շնորհավորեր ընտրված նախագահին։


«1998-ից հետո ես երդվում եմ, ընտրությունները չեն կեղծվել։ Ստեղ արարող, ստեղծող մարդիկ են, և այսօր փառք Աստծո, որ այլ համայնքներից սոցիալապես ավելի լավ վիճակում ենք։ Քաղաքի բնակչության 80%-ն աշխատում է»,- ասաց քաղաքապետը։


Վարդան Գևորգյանը նաև հայտարարեց, որ վիրավորված է Րաֆֆի Հովհաննիսյանից, քանի որ նախընտրական շրջանում վերջինս անտեսել է իրեն և քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում իրեն որևէ փաստաթուղթ չի ուղարկել և չի տեղեկացրել։ «Դա վիրավորական էր ինձ համար»,-ասաց նա։


Րաֆֆին արձագանքեց՝ նշելով, որ եթե ինքն օրենք է խախտել, ապա թող պատժի ենթարկեն իրեն։ Քաղաքապետն էլ հայտարարեց, թե դրա համար 5000 դրամ վարչական տույժ պետք է վճարել։


Առիթից օգտվելով՝ քաղաքապետն իր ու քաջարանցիների անունից շնորհավորեց Սերժ Սարգսյանին և երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանին։


Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց քաղաքապետին այլոց հանցանքների մեղսակիցը չդառնալ։