Սերժ Սարգսյանը համամիտ է Սերժ Թանգյանի բարձրացրած հարցերի մեծամասնության հետ. Արմեն Արզումանյան

16:17 • 27.02.13

Երեկ System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որում նախ շնորհավորում է վերջինիս վերընտրվելու կապակցությամբ, ապա հարց ուղղում. «արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ»: Ինչին նույն օրը երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքեց պատասխան նամակով։


Իսկ այսօր` փետրվարի 27-ին, Սերժ Թանգյանը երկրորդ նամակն է հղել ՀՀ նախագահին, նշելով՝ «թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին»։
 

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այսօր News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Թանգյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին:
Ստորև ներկայացնում ենք այն։

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը ծանոթացե՞լ է և պատասխանելո՞ւ է Թանգյանի երկրորդ նամակին, Արզումանյանը պատասխանել է.


«Այո՛, նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին: Ինչպես արդեն իր պատասխանում նշել էր հանրապետության ղեկավարը, ինքը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնության հետ, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ու հիմա արդեն գործելու ժամն է: Ու բոլոր հարցերի պատասխանները պետք է արդեն փոփոխվող իրականությունը տա:


Շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին ու լավ հային իր ակտիվ կեցվածքի համար՝ նախագահը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի սիրված ռոք խմբի ամբողջական կազմի հայաստանյան մեծ համերգով միասին նոր փուլ սկսենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող համազգային ծրագրում»: