Նախագահին ուժով ձերբակալել չեն կարող, գործո՛վ զբաղվեք. Սաակաշվիլի

10:59 • 27.02.13

Նախագահին ուժով ոչ ոք չի ձերբակալի։Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Թբիլիսիի իր նստավայրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը մտադիր է շարունակել շրջագայությունները երկրում և հանդիպումները ժողովրդի հետ։


«Վերջին շաբաթների ընթացքում ես տեղաշարժվում եմ ընդամենը մեկ մեքենայով։ Եթե Վրաստանի նախագահը չի պատկանում իրեն (ի նկատի ունի պաշտոնը), ապա քաղաքական մեծամասնության կողմից պետք է հայտարարություն լինի։ Նրանց հայտարարությունների էությունն այն է, որ նախագահին պետք է փակել նստավայրում, նրան հաց և ջուր ուղարկեն, իսկ ցանկացած նրա ելույթ որպես սադրանք պետք է դիտարկվի»,-ասել է Սաակաշվիլին։

 

Նա նշել է, որ փոխադարձ հարգանքի մթնոլորտում չպետք է «տեռոր» լինի իր թիկնապահական ծառայության դեմ, ինչպես տեղի է ունենում վերջին օրերին։

 

«Ինձ, ինչպես ցանկացած ազատ մարդու, ջղայնացնում է թիկնազորի առկայությունը։ Հիշում եմ, երբ Գորիում ինձ վրա հարձակվեցին։ Ռմբակոծում էին, սակայն արդյոք 30 մարդը կարո՞ղ էր պաշտպանել ռումբերից։ Պուտինը և այն մարդիկ, ովքեր կառավարում են մարդկանց, պետք է հասկանան, որ ողջ այս ընթացքում ես շրջագայել եմ և շարունակելու եմ դա։ Դա այն մեթոդը չէ, որով ինձ կարելի է շանտաժի ենթարկել»,-ասել է Սաակաշվիլին։

 

Դիմելով իր հակառակորդներին՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն ուժով ձերբակալել չեն կարող։ «Դադարեցրե՛ք սպեկուլյացիան և գո՛րծ արեք»,-ասել է նա։

 

Ավելի վաղ Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել էր, որ նախագահը հրաժարվել է  Պետական պահպանության ծառայությունից։ Հարկ է նշել, որ այդ հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Պետական պաշտպանության ծառայության ղեկավար էր նշանակվել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անձնական թիկնազորի պետը։