Դատարանը որոշել է Սուրեն Սուրենյանցին բերման կենթարկել
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու որոշում է կայացրեց, տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Սուրեն Սուրենյանցը դատական նիստին չէր ներկայացել և դատարանին նախապես պատշաճ չէր տեղեկացրել պատճառների մասին, այլ միայն նիստից 30 րոպե առաջ իր պաշտպանին հաղորդել էր, որ վատառողջ է և չի կարող նիստին ներկայանալ:
Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանը և մեղադրող կողմը համարել են, որ նիստը չի կարող շարունակվել առանց ամբաստանյալի և դատարանը որոշում կայացրել Սուրենյանցին բերման ենթարկել:
Նախորդ դատական նիստում դատաքննությունն ավարտվել էր և դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Նելլի Աշրաֆյանը միջնորդել էր ժամանակ տրամադրել իրեն մեղադրական ճառին նախապատրաստվելու համար:
Այսօրվա դատական նիստում որպես մեղադրող հանդես եկավ մեկ այլ դատախազ՝ Հայկ Մարտիրոսյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մատի 4-ին:










