Ջեյմս Քեմերոնն «Ավատարը» կբեմադրի Cirque du Soleil-ում
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը կրկեսային շոու կբեմադրի «Ավատար» ֆանտաստիկ ֆիլմի հիման վրա։ Այդ հայտարարությունն են արել ռեժիսորն ու կանադական Cirque du Soleil կրկեսի նախագահ Դանիել Լամարը Մոնրեալում անցկացվող C2MTL-Commerce and Creativity համաժողովի ժամանակ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Variety-ին:
Բեմադրության ֆինանսավորմամբ կզբաղվեն «Ավատարի» իրավատերը՝ Twentieth Century Fox կինոստուդիան, և Lightstorm Entertainment փրոդաքշն-ընկերությունը:
Նոր շոուի միջազգային վարձույթը կսկսվի 2015 թվականի վերջին՝ նախորդելով «Ավատարի» մասին երկրորդ ֆիլմի պրեմիերային։
«Տարիներ շարունակ ես տեսնում եմ Cirque du Soleil-ի գեղարվեստական կոլեկտիվի և արտիստների արտասովոր տաղանդն ու երևակայությունը: Մենք ընդհանուր նպատակ ունենք՝ հանդիսատեսին նոր մակարդակի զվարճություն մատուցել, և ես անհամբերությամբ սպասում եմ նախագծի աշխատանքներին»,- ասել է Քեմերոնը:
«Ավատարի» կրկեսային տարբերակը չի լինի ամերիկացի ռեժիսորի և Cirque du Soleil-ի առաջին համատեղ նախագիծը: 2012 թվականին Քեմերոնը դարձել էր «Cirque du Soleil: Հեքիաթային աշխարհ» վավերագրական 3D-ֆիլմի պրոդյուսերը և անգամ մասնակցել նկարահանումներին՝ որպես օպերատոր։










