Արարատում 86 ձկնաբուծարանի կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

17:41 • 05.11.26

Արարատում 86 ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը, հայտնել են Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել են ավելի քան 86 ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ հաղորդումներ, որոնց առթիվ նախաձեռնվել է չորս քրեական վարույթ:

Վարույթների նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձկնաբուծարաններն առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործել են ստորերկրյա ջրային ռեսուրսները, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով փչացրել են գյուղատնտեսական նշանակության հողը:

Նախաքննության ընթացքում ձկնաբուծարանների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 18 մլն 500 հզր ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ: