Մշակույթի փոխնախարարը տեղյակ չէ, որ Համալիրի վաճառքի փաստաթղթում «մշակութային օջախ» ձևակերպումը առկա չէ
Ազգային ժողովում 2013թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը մշակույթի փոխնախարար Աշոտ Պողոսյանն ի պատասխան ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե նախարարությունն ինչ դիրքորոշում կունենա Մարզահամերգային համալրի՝ արտաքին տեսքը փոփոխության ենթարկելու հավանականության դեպքում, պատասխանեց. «Այնտեղ ոչ մի ծրագիր չի իրականացվում, որ արտաքին տեսքում փոփոխություն է լինելու»։
«Եթե խոսքը գնում է մասնավորեցման մասին, մեր գործառույթի մեջ մտնում է մշակութային օջախ հանդիսացող շենքի հետ կապված պաշտպանական պարտավորագրերի ստորագրումը: Դա նշանակում է, որ այս սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, իսկ անելու դեպքում, պետք է, նայած ինչ կարգի հուշարձան է՝ հանրապետական նշանակության, թե տեղական, պարտավոր է ստանալ որոշակի համաձայնություն»,-հավելեց Պողոսյանը:
Նա նշեց, որ այս պահին որևէ տեղեկություն չունի, որ համալիրի տեսքը խեղումների է ենթարկվելու:
Արամ Մանուկյանը հակադարձեց. «Երևի տեղյակ չեք, հենց խնդիրը դա է, որ պայմանագրի մեջ հենց առուվաճառքի մշակութային բառն է հանած: Ձեր ասածն ուժի մեջ է, եթե պայմանագրի մեջ նշվում է, որ վաճառվում է որպես մշակութային օբյեկտ, հենց այդ բառն է հանած, դրա համար եմ ես ուզում ձեր սկզբունքային, կարծր դիրքորոշումը, որ այդ տերմինը պայմանագրից չհանվի, դա նայեք, և եթե իմ ասածը ճիշտ է, դրա դեմ կռիվ տվեք»,-ասաց նա:
Աշոտ Պողոսյանն էլ ասաց, որ ցանկացած մշակութային հուշարձանի կարգավիճակ որոշվում է ոչ թե դրա հետ կատարվող պայմանագրի ձևակերպմամբ, այլ այն փաստաթղթերով, որ հաստատել է Կառավարությունը: «Մենք ունենք պետական պատմամշակութային հուշարձանների ցանկ, որը Կառավարությունը հաստատել է, և եթե այդ կառույցը համարվում է հուշարձան, այլ պայմանագիր չի գործում: Ես տեղյակ չեմ՝ կոնկրետ այդ պայմանագրի մեջ ինչ ձևակերպում է տրված, բայց որ դա հուշարձան է, ոչ մեկը չի կարող չընդունել»,-նշեց նա:










