Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լոգոտիպն իր բացատրությամբ տարբերվում է եղածներից. Ռ. Ջաղինյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը նշեց, թե ինչ-որ ձևով մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող լոգոտիպի աշխատանքներին և չի կարծում, որ դա գրագողություն է։
«Ռուսական ընկերության լոգոտիպը շատ տարբեր տեղեր ենք տեսել, ես էլ եմ մասնակցել լոգոտիպի ընտրման աշխատանքներին և կարծում եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լոգոտիպը իր բացատրությամբ ամբողջությամբ տարբերվում է եղածներից»,-ասաց նա և նշեց, թե «Շարմ» ընկերության ընտրածը «ուրիշ մի նշան է՝ իր բացատրություններով»:
«Հիմա, քանի որ մանրամասն այդ նկարները չկան, բացատրություն չեմ կարող տալ, բայց և իմաստը, և մոտեցումները տարբեր նշաններ են, տարբեր բացատրություններ ունեն»,-ասաց նա։
Իսկ թե ինչքան գումար է ծախսվել այդ աշխատանքի համար, Ջաղինյանը դժվարացավ պատասխանել. «Ես մանրամասն չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը, բայց ես չեմ կարծում, որ շատ մեծ գումարներ են»:
Հարցին, թե անհրաժեշտություն գտնո՞ւմ է միջամտելու փոփոխության ենթարկել եղածը, Ջաղինյանը նախ նկատեց, թե ինքը «Շարմ» ընկերության անունից չի կարող պատասխանել, որովհետև արդեն մեկ տարի է՝ կապ չունի, այնուհետև նշեց. «Անձամբ իմ դուրը գալիս է լոգոտիպը, գաղափարախոսությունը և ինչ ձևի է այն ներկայանում, ես կարծում եմ՝ այն պատշաճ մի լոգոտիպ է, որ իր տեղը կունենա»:










