Անաստաս Միկոյանի արձանը չի կորել, այն հանձնվել է քաղաքապետարանին՝ պահպանության
Խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը կորած չէ, արձանի ձուլման աշխատանքային պրոցեսն ավարտվել է, վարպետներն այն ծածկել են, որ չկեղտոտվի, փոշի չնստի վրան և հանձնել են պահպանության՝ քաղաքապետարանին:
Այս մասին Tert.am –ին հայտնեց արձանը ձուլող վարպետներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը շոշափվի իր իսկ խոսքով՝ արդեն շոու դարձած այս պատմության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր՝ օրվա առաջին կեսին, պատասխանելով լրագրողների հարցին՝ ձուլարանից ո՞ւր է անհետացել Անաստաս Միկոյանի արձանը, ասել էր՝ «Չէ, չէ, տեղյակ չեմ, ի՞նչ անհետանալ», ու արագ հեռացել:
Ի պատասխան հարցի, թե բարոյապես ճնշված չի՞ զգում, որ ստիպված է ձուլել մի մարդու արձան, ում արձանը պետք է տեղադրվի այսքան բացասական մթնոլորտում, վարպետը պատասխանեց. «Քաղաքական էդ պրոցեսն ինձ հետ կապված չէ, ժամանակին, երբ որոշեցին, որ այդ արձանը տեղադրվի, հանձնարարվեց, իմ միսիան եղել է... ինչպես միշտ՝ քաղաքում ինչ արձան էլ որ դրվի՝ լինի ֆոնտան, լինի դեկորատիվ կամ անհատի արձան, իմ միակ ցանկությունն է, որ այն լինի որակյալ: Դա մեր մշակույթն է: Ուրիշ պրոբլեմ ես չեմ ունեցել»:
Վարպետը նշեց, որ իր միակ խնդիրն այն է եղել, որ արձանի տեխնոլոգիան՝ կաղապարումը ճիշտ իրականացվի:










