Ես ինձ զգում եմ Խորհրդային միությունում... Անդրեյ Մակարևիչ

09:55 • 31.05.14

Ռուսական հայտնի «Машина времени» խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչն Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ կրկին իր դիրքորոշումն է հայտնել և զգացողությունները համեմատել Խորհրդային միության հետ, «ինչպիսին որ ցույց են տալիս կինոյում»։ Այդ մասին նա ասել է Дождь հեռուստաալիքի հետ զրույցում, փոխանցում է korrespondent.net-ը։

 

«Ես ինձ զգում եմ 1930-ականների Խորհրդային միությունում, բայց ոչ այնպիսին, ինչպիսին իրականում էր, այլ այնպիսին, ինչպիսին այն ներկայացվում է ժամանակակից կինոյում»,- ասել է նա։

 

Մակարևիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն անվանել է «փորձ»։

«Սա փորձ է, որին գնաց մեր նախագահը, կարծում եմ՝ մտածված։ Եվ, հավանաբար, կան պրոֆեսիոնալ, խելացի, կրթված մարդիկ, որոնք հետևում են այս ամենին և նայում են՝ որքա՞ն բնակչությունը կտանի այս մարազմը»,- ասել է նա։

 

Ըստ երգչի՝ մի կողմից՝ Ուկրաինայի հարավ-արևելքում զինյալներն ու նրանց աջակցողները վաղ թե ուշ ստիպված կլինեն պայմանավորվել, մյուս կողմից՝ նրանք իրենց հրաշալիորեն պետական հանցագործներ են զգում, քանի որ արդեն երկիրն ունի նախագահ, և այժմ նրանք հանդես են գալիս օրինական իշխանության դեմ։ «Եվ հետքայլ չկա։ Նշանակում է՝ կամ պետք է փախչեն այնտեղից, կամ մինչև վերջ կռվեն։ Դա սարսափելի է»,-ասել է նա։

 

Նա նաև նշել է, որ հրաժարվել է ելույթ ունենալ Ղրիմում, որը մարտի 16-ի հանրաքվեի արդյունքներով անջատվել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։


Նշենք, որ Մակարևիչը պարբերաբար քննադատություններով է հանդես գալիս ՌԴ իշխանությունների դեմ։