Երևանը դարձել է մահարձանների քաղաք, կամ՝ «Թոխմախ գյոլի ֆիլիալը». կարծիքներ

13:21 • 02.06.14

Չհաշված այն, որ Երևանն առանց այդ էլ բոլոր կողմերից շրջապատված է գերեզմանոցներով, դեռ մի բան էլ անկախության առաջին տարիներից քաղաքում տեղադրվում են բացառապես մահարձաններ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը հայտնեց քանդակագործ, արվեստագետ Սահակ Պողոսյանը, ով հայտարարեց, որ այս ամենի արդյունքում Երևանը դարձել է «Թոխմախ գյոլի ֆիլիալը»:


«Լե Պաժի արձանը տեղադրվեց, Ռոդենի ստեղծագործությունն է, բայց չհարցրեց ոչ ոք, սա ի՞նչ արձան է, սա եղբոր կողմից Ռոդենին պատվիրված մահարձան է, առանց հարցնելու մասնագետի կարծիքը, ինչ է թե այդ հրապարակը անվանված է Ֆրանսիայի անունով, դրեցին այն … Ռոդեն էր ընդունե՛նք, բայց կարող էր լինել կամերային ինչ-որ վայրում: Հաջորդը՝ բարերարների հուշարձանը, Միքայել Նալբանդյանի հուշարձանի մոտ, դասական մահարձաններ են, Նորքի զանգվածում նախկին թաղապետի արձանը դրվեց»,- թվարկեց քանդակագործը:


Ինչ վերաբերում է Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու քաղաքական նպատակներին, ապա քանդակագործը նշեց, որ սա առնվազն անպատկառություն է ստալինյան ռեպրեսիաներին զոհ դարձած այն 60 միլիոն մարդկանց հիշատակի նկատմամբ, և նաև՝ անպատկառություն հաջորդ սերունդների երիտասարդների երազանքին:


Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երևանի ավագանու նիստում կայացվեց որոշում՝ տեղադրել խորհրդային շրջանի պետական-քաղաքական գործիչ ունեցող Անաստաս Միկոյանի արձանը՝ Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։


Իսկ երեկ համացանցում հրապարակվեց Անաստաս Միկոյանի որդու՝ Ստեփան Միկոյանի նամակը, որում նա շնորհակալություն է հայտնում Երևանի ավագանուն, և հայտնում, որ հայրը միշտ պահպանել է կապը հայրենիքի հետ, օգնել Հայաստանին՝ սննդի մատակարարման հացերում, իսկ արդեն «ձնհալից» հետո եղել է ապաստալինացման և ռեաբիլիտացիայի նախաձեռնողներից:


Ասուլիսին ներկա պատմաբան Արայիկ Հարությունյանն իր հերթին ասաց, որ այս պնդումները չեն կարող հիմք լինել նրա արձանի տեղադրման համար:

«Այնքան վատ բաներ են ասվել, ներկայացվել Միկոյանի կենսագրության մասին, որ դրանից հետո պետք է դադարեցվեին արձանի տեղադրման մասին խոսակցություններն առհասարակ»,- ասաց նա, ում պապերին 1937 թվականին գնդակահարվել են, իսկ տատը աքսորված էր եղել։


«Այնպես, որ կոչ կանեինք դադարեցնել այս գործողությունը և Պրահայից չորոշել, թե Հայաստանի հասարակությունն ինչպե՞ս պետք է վարվի իր «հերոսների» հետ»,-հեռակա դիմելով Միկոյանի որդուն՝ ասաց բանախոսը:


Արայիկ Հարությունյանը հիշատակեց, որ Միկոյանի հակամարդկային գործունեության մեջ կա ևս մի արատավոր փաստ, որը վերջերս է հրապարակվել, փաստաթուղթ, որտեղ նա հերոսացնում է НКВД (Народный комиссариат внутренних дел) ղեկավար Եժովին, մարդու, որը միայն 800 հազար մարդու է գնդակահարել տվել։


«Բացի այդ, եթե Աստված չանի, այս արձանը տեղադրվի, Հայաստանը կարող կանգնել միջազգային սուր սկանդալի առաջ … ողջ աշխարհը ճանաչել է Կատինի ցեղասպանությունն ընդդեմ լեհերի, նույնիսկ Ռուսաստանը, որը միշտ հերքում էր, ինքը ճանաչել է Կատինի ողբերգությունը: Այդ փաստաթղթի տակ նույնպես կա Միկոյանի ստորագրությունը»,- միջազգային նման վտանգներ մատնանշեց պատմաբանը:


Նկարչուհի Զարուհի Մուրադյանն էլ իր տարակուսանքը հայտնեց, թե Երևանի ավագանին ինչպես է արձագանքում հասարակական պահանջին: Մասնավորապես, մոտ 3 տարի առաջ, տեսնելով, որ մայրաքաղաքի փողոցներից շատերը համարակալված են, բայց ոչ անվանակոչված, ինքը Նկարիչների միության անունից հայ երևելիների մի հսկա ցանկ է ներկայացրել, որոնց թվում նաև՝ «Բաժբեուկ Մելիքյան, Բեքարյան, Գառզու, Գյուրջյան, Ժանսեմ, Մարկոս Գրիգորյան, Մերկուլով», բայց ոչ մի պատասպան առ այսօր չի ստացվել:


Անդրադառնալով Միկոյանի արձանը տեղադրելու հավանություն տված Երևանի ավագանու անդամներ Արա Երնջակյանին, Մարտին Վարդազարյանին և այլոց, նկարչուհին հայտարարեց.««Ես այդ բոլոր մարդկանց աչքերի մեջ տեսա այդ գենետիկ վախը, որ իրենց միջից դուրս չի եկել, հիմա այդ վախի մթնոլորտը պահպանելու համար, ուզում են բերել մարդասպանի արձանը, ըստ որում՝ մահարձանը դնել կենտրոնում, որ վախի մթնոլորտը շարունակաբար թևածի»,-ասաց Զարուհի Մուրադյանը: