Հունիսի 4-ից 9-ը Երևանում կցուցադրվեն լեհ ռեժիսոր Վայդայի ֆիլմերը

13:47 • 02.06.14

Երևանում հունիսի 4-ից 9-ը կցուցադրվի աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Անդրեյ Վայդայի ավելի քան 50 ֆիլմերից 6-ը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ ֆիլմերի ցուցադրման առիթը 25 տարի առաջ Լեհաստանում կայացած առաջին ազատ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք որոշիչ եղան նաև Արևելյան եվրոպական մի շարք երկրների համար:


«Այդ իրադարձությունների մասին չենք ուզում խոսել՝ կազմակերպելով գիտաժողովներ ֆորումներ, այլ ցուցադրել Վայդայի ֆիլմերը: Նա լեհ մեծ ռեժիսոր է: Մենք վեց ֆիլմ ենք ցուցադրելու: Դրանցից առաջինը ռեժիսորի նկարահանած վերջին ֆիլմն է՝ «Վալենսա՝ հույսի մարդը», որից հետո կցուցադրվեն՝ «Երկաթե մարդը», «Մարմարե մարդը»: Այս երեք ֆիլմերը յուրատեսակ եռամիասնություն են կազմում: Կցուցադրվեն նաև «Մոխիր և ադամանդ», «Գետնուղի» և «Եղեգնուտ» ֆիլմերը»,- ասաց նա:


Կինոքննադատ Զավեն Բոյաջյանն էլ նշեց, որ ներկայումս Վայդան 88 տարեկան է և ակտիվ ռեժիսորական գործունեությամբ է զբաղվում մինչ օրս:


«Նրան կարելի է համարել լեհական կինոյի նահապետ և Եվրոպայի ու աշխարհի մակարդակով խոշորագույն ռեժիսոր: Սկսել է ստեղծագործել 1950-ականների վերջից և շարունակում է մինչ օրս: Նա հաջողակ ռեժիսոր է ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում ու հեռուստատեսությունում: Պետք է պատկերացնել, թե ինչ վիթխարի անհատականության հետ գործ ունենք: Այս ծրագրի միջոցով, իհարկե, շատ դժվար է պատկերացում կազմել ռեժիսորի մասին»,- ասաց նա:


Զավեն Բոյաջյանն ընդգծեց, որ լեհ ռեժիսորը արժանացել է աշխարհի բոլոր հեղինակավոր մրցանակներին կինոյի ասպարեզում և աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի մահից հետո ընտրվել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիա, որի անդամները ցմահ են ընտրվում: «Նա Ֆելինի փոխանորդն է և այնտեղ բոլորը ընտրվում են ցմահ»,- ասաց նա: