Ես լինեի, մի քիչ կսպասեի. Նարեկ Սարգսյանը խորհուրդ է տվել Միկոյանի արձանը դնել ոչ թե բուլվարի մեջտեղում, այլ շենքի պատի տակ

12:41 • 02.06.14

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում զերծ մնաց Անաստաս Միկոյանի կերպարին պատմական գնահատական տալուց, միայն նշեց, որ մանուկ հասակում տեսել է Միկոյանին և մանկական վիրավորվածության զգացում ունի վեցերորդ դասարանից մինչ այժմ։

«Դպրոցական տարիքում մեզ տարան, ինքը օդանավով պիտի գար, ու նա եկավ ու չմոտեցավ մեզ՝ անվտանգությունից ելնելով. մանկական վիրավորվածության զգացում ունեմ վեցերորդ դասարանից մինչև հիմա»,- ասաց նա:

Նարեկ Սարգսյանը գլխավոր ճարտարապետին խորհուրդ է տվել Միկոյանի արձանը դնել ոչ թե նախատեսված այգու մեջտեղում, այլ՝ շենքի պատի տակ։

«Մի քանի ամիս առաջ ասել եմ գլխավոր ճարտարապետին, կարծում եմ՝ ինքն այդպես էլ կանի, որովհետև նախատեսվում էր դնել բուլվարի մեջտեղը։ Ես ասել եմ, որ դա, ըստ էության, գերեզմանից քոփի արված հուշարձան է, լավ կլինի՝ ոչ թե դրվի մեջտեղում, այլ շենքի պատի տակ»,-ասաց նա և ընդգծեց, թե չի կարծում, որ Երևանում այսօր թիվ մեկ խնդիրը Միկոյանի արձանը դնելն է:

«Բայց մենք Հայաստանում ենք ապրում ու ազգականները, ընկերները բազմաթիվ անգամ....Օրինակ՝ Քոչինյանի կիսանդրին դրվեց, ու ես ակտիվորեն մասնակցել եմ, քանի որ նա Հայաստանի խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր, իսկ դա էլ է մեր պատմությունը»,-նկատեց նա:

Նարեկ Սարգսյանն ամեն դեպքում նշեց, թե Միկոյանին միայն բացասական երանգով չի կարելի ընկալել. «Մարդը մենակ նեգատիվ չէր, մարդ, ով իր կենսագրության մեջ ունեցել է երկու կողմերը՝ և նա, և նա: Հիմա ո՞վ կտա դրա գնահատականը՝ դժվարանում եմ ասել»:

Հարցին, թե հաշվի առնելով հանրության բացասական վերաբերմունքը, չի կարծո՞ւմ, որ չարժե արձանը տեղադրել, նախարարը պատասխանեց. «Ես ծանոթ եմ մամուլին ու տեսել եմ, որ բազմաթիվ լուրջ, կենսափորձ ունեցող մարդիկ պաշտպանել են այս նախաձեռնությունը, այստեղ սերունդների խնդիր կա, բայց իմ անձնական կարծիքն ասեմ՝ ես լինեի, մի քիչ կսպասեի: Այսօր մենք այնքան խնդիրներ ունենք մեր երկրում՝ վստահության, մարդկանց հետ հարաբերվելու, դրական մեսիջներ տալու, և այս տեսակ խնդիրները շատ կարևոր հարց չեն լուծում»: