Կուստուրիցան Կոսովոյում մարդկային օրգանների վաճառքի մասին ֆիլմ կնկարահանի
Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է ֆիլմ նկարահանել Կոսովոյում մարդկային օրգանների վաճառքի մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Vesti online-ին։
Կուստուրիցայի խոսքով՝ ֆիլմի սյուժեն, որը նախատեսվում է ստեղծել առաջիկա 3 տարում, հիմնված է իրական պատմության վրա։ Ֆիլմի հիմքում կլինի մի գերմանացու պատմություն, ում անօրինական ճանապարհով սիրտ է փոխպատվաստվել՝ հատուկ այդ նպատակով սպանված սերբից։
Կուստուրիցան պատմել է, որ նկարահանումները կընթանան Ռուսաստանում, «որտեղ շատ են ընկերները և կօգնեն առաջ տանել նախագիծը»։ Ռեժիսորը նշել է, որ Սերբիայից ինքը չի սպասում և չի խնդրի ֆինանսավորում։
Ռեժիսորի մտադրությունները դժգոհություն են առաջացրել Կոսովոյում. կինոգործիչները պահանջել են նրան «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» հայտարարել։ Դրան ի պատասխան՝ Կուստուրիցան հայտարարել է, որ ինքը չի հորինել այդ պատմությունը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ Կոսովոյում «սև փոխպատվաստման» մասին տեղեկությունը լայն հանրությանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Դիկ Մարտին։










