Եկեղեցի, սինագոգ և մզկիթ` մեկ տանիքի տակ. նախագիծն իրականություն կդառնա Բեռլինում

13:35 • 05.06.14

Գերմանիայի մայրաքաղաքում ներկայացվել է աշխարհի 3 գլխավոր մոնոթեիստական կրոնների՝ քրիստոնեության, հուդայիզմի և իսլամի համար միասնական աղոթավայրի շինարարության նախագիծը, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Առաջին քարի խորհրդանշական փոխանցումը կատարվել է հունիսի 3-ին՝ ապագա շինարարության վայրում։ Ինչպես նշում են երեք կրոնների համար House of One անվանումով տան նախագծի նախաձեռնողները, աղոթավայրը կկառուցվի Բեռլինի կենտրոնում՝ Պետրի հրապարակի շրջանում, որտեղ 1237-ին հիմնադրվել է Գերմանիայի ապագա մայրաքաղաքը։

 

Շինարարությունը կֆինանսավորվի բացառապես մասնավոր ներդրումների միջոցով։ Անհրաժեշտ 43 մլն եվրոյից հավաքվել է 2050 եվրո։ Շինարարությունը կսկսվի, երբ հավաքվի առաջին 10 մլն եվրոն, մոտավորապես 2016-ին։ Նախագծի նպատակն է, ըստ նախաձեռնողների, «խաղաղ և բաց երկխոսություն զարգացնել կրոնների և մշակույթների միջև»։