Ռուսաստանում իրավապահները գողացել և փորձել են վաճառել Եվրոպայում առաջին տպագիր գիրքը
Ռուսաստանում Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) երեք աշխատակից է ձերբակալվել Գուտենբերգի Աստվածաշնչի՝ Եվրոպայի պատմության մեջ առաջին տպագիր գրքի գողացման և վաճառքի փորձի համար, հայտնում է LifeNews-ը:
Իրավապահները փորձել են գիրքը վաճառել 40 մլն ռուբլիով: Աստվածաշունչը գնահատվում է 15 մլն դոլար՝ ավելի քան կես միլիարդ ռուբլի:
Նրանց ձերբակալել են այն պահին, երբ գրքի առաջին հատորը փորձել են իրացնել 19 մլն ռուբլիով:
Ըստ LifeNews-ի` այս աֆերան իր մասշտաբներով համահավասար է Լուվրից «Ջոկոնդայի» առևանգմանը:
Հայտնի է, որ Մոսկվայի պետական համալսարանի գաղտնի կորպուսում պահվող գիրքը գողանալու միտքը ծագել է դեռևս 2009-ին: Նրանք նախապես նաև գնորդ են գտել՝ ի դեմս Մոսկվայի հայտնի հավաքորդներից մեկի, ում անունը չի հրապարակվում:
Ռուսները գիրքը բերել են Լայպցիգից 1948-ին: Բացառիկ հրատարակության գտնվելու վայրը հայտնի է դարձել միայն 1993-ին:










