Իտալիան վիրտուալ տուրեր է կազմակերպում նախագահական պալատում
Իտալիան վիրտուալ տուրեր է կազմակերպում նախագահական նստավայրում. Հռոմի Կվիրինալյան պալատը դռները բացում է հանրության առաջ www.quirinale.it ինտերնետային հասցեով:
Ինչպես գրում է Euromag-ը՝ ANSA-ին հղումով, նախագծի հեղինակները խոստանում են ապահովել ոˊչ միայն վիրտուալ շրջագայության տեղեկատվական բովանդակությունը, այլև՝ բարձր հստակության գրաֆիկը, ինչպես նաև՝ 360 աստիճանով դիտարկելու հնարավորություն:
Նախագահի՝ գեղարվեստական ժառանգության պահպանության հարցով խորհրդական Լուի Գոդարի խոսքով՝ նմանօրինակ խորհրդանշական ձևով պալատի բանալին փոխանցվում է ժողովրդի ձեռքը:
Վիրտուալ տուրերը, որոնք հասանելի են անգլերենով, իտալերենով և ֆրանսերենով, կպատմեն պալատի պատմության մասին 1583-ից մինչ մեր օրերը, ինչպես նաև՝ կցուցադրեն դրա թանկարժեք ինտերիերը, հատկապես՝ Գվիդո Ռենիի և Պյետրո դե Կորտոնայի ձեռքին պատկանող որմնանկարները:
Կվիրինալյան պալատը կառուցվել է XVI դարում՝ Հռոմի Կվիրինալյան բլրի վրա: Նախապես այն եղել է պապական նստավայր, այնուհետև դարձել Իտալիայի նախագահների նստավայրը:










