Հիլարի Քլինթոնն իր գրքում պատմել է Օբամայի հետ ունեցած տարաձայնությունների մասին

09:09 • 06.06.14

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հուշագրություններում պատմել է նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած տարաձայնությունների մասին։

 

Լինելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նա համաձայն չի եղել Օբամայի հետ սիրիացի ընդդիմադիրներին չզինելու հարցում և առաջարկել է հանել առևտրային շրջափակումը Կուբայի նկատմամբ, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին։

 

Hard Choices անվանումով գիրքը լույս կտեսնի հունիսի 10-ին, սակայն CBS ալիքի և Associated press գործակալության լրագրողներին հաջողվել է հատվածներ գտնել այդ գրքից։


«Իմ լիազորությունների ավարտին ես խորհուրդ տվեցի նախագահ Օբամային վերանայել էմբարգոյի հարցը։ Այդ միջոցառումը չէր հասնում իր նպատակներին և խանգարում էր Լատինական Ամերիկայում մեր ավելի լայն ծրագրին»,- գրել է Քլինթոնը։

 

Գրքում նա նշում է նաև, որ կողմ է եղել Սիրիայում ընդդիմադիրներին զինելուն։ «Նախագահը նախընտրեց պահպանել նախկին ուղղությունը և կտրուկ քայլեր չանել։ Ոչ ոք չի սիրում պարտվել վեճերում, և ես բացառություն չեմ», -նշվում է Քլինթոնի գրքում։