Եթե տրամաբանորեն մոտենանք, հաջորդը պետք է լինի Լենինի արձանը. բանավեճ Ա. Միկոյանի արձանի շուրջ
Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ բանավիճեցին խորհրդային տարիների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու շուրջ:
«Եթե տրամաբանորեն մոտենանք, մյուս քայլը պետք է լինի Լենինի արձանի տեղադրումը: Չկա սրիկայական ժամանակ, կա սրիկաների ժամանակ: Բոլոր ժամանակներում էլ կան սրիկաներ: Եվ եթե այդպես է, պետք է ուղղությունը պահպանել մինչև վերջ և տեղադրել Լենինի արձանը»,- ասաց Ռուբեն Բաբայանը և ավելացրեց. «Միկոյանն ո՞ւմ է հարցրել իր գործողություններում, որ նրա արձանը դնելուց հարցնեն ժողովրդին»:
Նրա խոսքով՝ բազմաթիվ պատճառներ կան ստորությունն ու սրիկայությունը արդարացնելու համար, բայց մի պատճառ չի արդարացնում՝ ես հայ եմ. «Ես կարող եմ բազմաթիվ դրական հատկանիշներ նշել Ադոլֆ Հիտլերից, նա չէր խմում, չէր ծխում, սիրուհի չուներ: Իսկ Չերչիլը ծխում էր, խմում էր և այլն»:
Ֆերդինանտ Առաքելյանն էլ նշեց, որ Անաստաս Միկոյանի մասին չի կարելի ասել, որ նա սրիկա է եղել, նա հանճարեղ քաղաքական գործիչ է եղել. «Միկոյանը ֆանտաստիկ խելքի տեր մարդ է եղել, եթե մենք սկսենք մանրացնել, նա երկու կողմ ունի՝ և՛ նեգատիվ, և՛ պոզիտիվ»:
Նա նաև կարծիք հայտնեց, թե եթե հիմա ցանկանան Տիգրան Մեծի արձանը տեղադրել Երևանում, հասարակությունը կսկսի քննադատել:










