Էկրաններին կրկին կհայտնվի «Ֆորեսթ Գամփ» հայտնի ֆիլմը

12:14 • 07.06.14

Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմը կրկին կհայտնվի կինոթատրոնների էկրաններին։ Սեպտեմբերի 5-ից մեկնարկում է ֆիլմի համաշխարհային վարձույթը՝ IMAX ձևաչափով, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Հայտնի ֆիլմը թողարկվել է 1994-ին։ Դա ռեժիսորի 9-րդ լիամետրաժ ֆիլմն է, որն էկրանավորվել է Ուինսթոն Գրումի համանուն վեպի հիման վրա։

 

Ֆիլմը ռեժիսորի համար դարձել է ամենահաջողակներից մեկը՝ ինչպես հանդիսատեսի շրջանում (առաջին տեղը 1994-ին՝ ըստ համաշխարհային վարձույթի եկամուտների), այնպես էլ քննադատների և պրոֆեսիոնալ կինոգործիչների շրջանում (38 մրցանակ ամբողջ աշխարհում, ներառյալ՝ 6 «Օսկար»)։

 

«Ֆորեսթ Գամփ»-ի գործողությունների կենտրոնում գլխավոր հերոս Ֆորեսթ Գամփն է՝ հորինված Գրինբոու քաղաքից։ Նրա դերը հիանալի կատարել է ամերիկացի դերասան Թոմ Հենքսը։ Սյուժեի համաձայն՝ մտավոր թերություններ ունեցող Ֆորեստը պասիվ մասնակցություն է ունենում 20-րդ դարի 2-րդ կեսի ամերիկյան պատմության կարևորագույն իրադարձություններին, սակայն, իր հերթին, ակամայից ազդեցություն է ունենում ԱՄՆ-ի մշակույթի վրա։